«Իմ քայլը» խմբակցությունում հանդիպումը վերաբերում էր մեր անելիքներին, նախարարության տեսլականին, հնարավոր համագործակցությանը: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա անելիքների շարքում նշեց տարածքային կառավարման մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելը, որից կբխի մարզպետարանների աշխատակազմերի կրճատումը. «Հիմա պատրաստ են երկու փաթեթներն էլ»,-ասաց նա՝ հավելելով, որ նախատեսվում է մարզպետարանների աշխատակիցների շուրջ 30 տոկոս կրճատում:

Հարցին, թե բոլոր մարզպետարաններում կրճատումը լինելու է 30 տոկո՞ս, նախարարը պատասխանեց. «Օրինակ՝ Արագածոտնի մարզում կրճատումները կարող է լինել 28 տոկոս, իսկ աշխատակիցների թիվը 121-ից կարող է դառնալ 87: Սա տալու է օպտիմալ կառավարում, որովհետև մենք ուսումնասիրություն ենք կատարել ու պարզել ենք, որ աշխատակիցների 40%-ը, ըստ էության, աշխատանք չի կատարում: Չեմ ասում՝ ոչինչ չի անում, բայց նրա փոխարեն դա կարող է անել մեկ այլ աշխատող, այսինքն՝ ամբողջական ծանրաբեռնվածության մասին է խոսքը: Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ: Պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, ոչ թե նրա համար, որ ինչ-ու փուլում ունեցել են խնամի-ծանոթ-բարեկամ եւ հարմարավետ տեղավորվել են:

Պապիկյանը նշեց, որ կրճատվելու են մարզպետների երեք տեղակալները, լինելու է մեկ փոխմարզպետ՝ մեկ օգնականով, իսկ մարզպետն ունենալու է երկու օգնական:

Նրա խոսքով, ամենամեծ աշխատակազմն ունի  Գեղարքունիքի մարզպետարանը՝ 182 աշխատակից:

Դիտարկմանը, որ նոր իշխանությունները նախկին իշխանությունների խնամիներին, ծանոթ-բարեկամներին հեռացնում են, որ իրենց խնամի-բարեկամներին աշխատանքի ընդունեն, Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Խնդրում եմ ցույց տալ մի դեպք, երբ իմ խնամի-ծանոթ-բարեկամները հայտնվել են պետական կառավարման որեւէ համակարգում զուտ իմ խնամի-ծանոթ-բարեկամ լինելով: Չկա նման բան»: