Անհասկանալի է, թե 10 հազար պետական աշխատողների կրճատումը ինչպես կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության շահին։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«10 հազար աշխատողը նշանակում է 10 հազար ընտանիք,  այդքան մարդու կրճատումը անհասկանալի է՝ ինչպես է նպաստելու Հայաստանի Հանրապետության շահին»,–նշեց նա։

Պատգամավորը սա շատ մտահոգիչ է համարում. «Ես սա մտահոգիչ եմ համարում եւ վաղը Աժ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անպայման հարցը բարձրացնելու եմ, գուցե մեր նախարարները ու փոխվարչապետը կունենան իրենց Հայաստանի շահ եւ գործազրկություն ուղիղ կապի բացատրությունը»,–եզրափակեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը՝ պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։ Հովհաննիսյանն այն համարել է շոկային։