ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարեւոր է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով եւ նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ», - ասել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որեւէ շեղում չի լինելու, եւ Եվրամիության օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Վարչապետն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին` նշելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի եւ Եվրամիության երկրների համագործակցության զարգացման համար: