Պետական համակարգում կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով, եւ կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողների շրջանակներից։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ստորագրությամբ աշխատանքային այն փաստաթուղթը, որտեղ տվյալներ կան մինչեւ 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ:

«Նախ անդրադառնանք այդ գրագրությանը։ Ի՞նչ է այնտեղ ասված։ Այնտեղ ասված է, որ եթե պարզվի, որ 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա պետական կառավարման համակարգում, պետք է ազատվել այդ մարդկանցից։ Եվ սա ՀՀԿ-ի ներկայացուցիչների արձագանքն էր, թե էդ ինչ եք ասում։ Այսինքն՝ նրանք խոստովանում են կառավարման համակարգի իրենց պատկերացումը՝ ո՞նց, կառավարման համակարգում պետք է արդյունք ստեղծող մարդիկ լինե՞ն, ոչ, նրանք պետք է նստեն եւ ոչինչ չանեն, սա պատկերացում է ստեղծում, թե Հայաստանը 20 տարի ոնց է կառավարվել՝ ծանոթ, ընկեր, բարեկամ, ընտրակեղծարար, բոլորը լցվել են պետական կառավարման համակարգ: Մենք արդյո՞ք գերանդին առնելու եւ հնձելու ենք: Ո´չ, ըստ էության՝ կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով, եւ կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողների շրջանակներից կլինեն»,– նշեց վարչապետը։

Նա հավաստիացրեց՝ պետական համակարգում յուրաքանչյուրն առանց բացառության կստանա շանս՝ ապացուցելու, որ նոր պայմաններում պատրաստ է աշխատել. «Չկրկնվող օղակներից մարդիկ չեն կրճատվի, յուրաքանչյուրը, բոլորը՝ առանց բացառության, կստանան շանս ՝ ապացուցելու, որ նոր պայմաններում պատրաստ են եւ կարող են նոր չափանիշներով աշխատել: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն իրավիճակին, որ այսօր ունենք։ Երբեք խնդիր չեն դրել եւ չեն դնելու՝ ռեպրեսիոն ճանապարհով գնալ, բայց այսօր պետական կառավարման համակարգում մարդիկ կան, ովքեր ոչ մի բանով չեն զբաղվում, սպասում են Mulberry-ով հետաքրքիր բան շրջանառվի, իրենց Հանրապետական ղեկավարներին ուղարկեն»:

Վարչապետը հորդորեց հանրությանը միանգամից չարձագանքել այս կամ այն աղմուկին, այլ նախ պարզել, թե ինչի մասին է խոսքը. «Այս աղմուկը ցույց է տալիս ամեն ինչ, սա դիագնոզ է՝ այն ամեն ինչի, ինչ ՀՀ-ում տեղի է ունեցել: Ես ուզում եմ խնդրանքով դիմել հանրությանը՝ որ մեկը ասում է՝ վայ, բռնեք, փախավ եւ վազում է այդ ուղղությամն, բոլորը վազում են: Խնդրո´ւմ եմ, վազելուց առաջ մի պահ կանգնենք, հարցնենք՝ ո՞վ փախավ, ո՞ւր, ի՞նչ ուղղությամբ, ինչո՞ւ, եւ կպարզվի, որ ոչ մեկն էլ ոչ մի տեղ չի փախնում»։