«Ոչ թե բովանդակությունն է իմ մեջ հարց առաջացնում, այլ բովանդակության նկատմամբ շատ ընդգծված կտրուկ հետարքրությունը»,- այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով պետական համակարգի 10․000 աշխատակից կրճատելու մասին տեղեկությանը։
Նա նշեց, որ զարմացած է այդ վերաբերմունքից, քանի որ այդ թեզերը մշտապես շրջանառվել են․ «Ինձ զարմացնում է այն հատուկ վերաբերմունքը հրապարակված տեղեկատվության նկատմամբ, որովհետեւ այդ բոլոր թեզերը նախկինում բազմիցս հնչել են, տարբեր քննարկումների ժամանակ, դրանք եղել են և´ Ազգային Ժողովի հարթակում, և´ հանձնաժողովներում, և´ լիագումար նիստում»,- ասաց նախարարը։
Լրագրողի հարցին, թե ինչու նախկին իշխանությունները, այնուամենայնիվ, այդ թեզերը կյանքի չկոչեցին, Ջանջուղազյանը պատասխանեց․ «Ինչ պատճառով այդ որոշումը չի կայացվել, ինձ հայտնի չէ»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե օպտիմալացումից խնայված միջոցները որ ուղղություններով են ծախսվելու, նախարարը ասաց, որ դեռ այդպիսի որոշում չկա, սակայն օրենքը թույլ է տալիս, որ այդ ֆինանսական միջոցները օգտագործվեն աշխատակիցների խրախուսման, պարգեւատրման համար․ «Առայժմ միայն սա է»,- նշեց նա։
Իսկ հարցին, թե արդյոք պետությունը փոխհատուցում է նախատեսում այն քաղաքացիներին, որոնք կդառնան գործազուրկ, Ջանջուղազյանը ուշագրավ դիտարկում արեց․
«Եթե գործ բառի բովանդակությամբ առաջնորդվենք, ապա այսօր էլ առանց կրճատվելու՝ այդ մարդը գործազուրկ է, որովհետեւ գալիս է աշխատանքի, հատուցվում է, բայց իր արած աշխատանքը որեւէ տեղ չի օգտագործվում, հետեւաբար իր կարգավիճակը խոշոր հաշվով, բովանդակային տեսանկյունից չի փոխվում։ Այսօր էլ նա, ըստ էության, կարող է ինչ-որ աշխատանք անել, զբաղված է, բայց այդ զբաղվածության արդյունքը ոչ մի տեղ չի օգտագործվում։ Հետեւաբար նրանց կարգավիճակի փոփոխությունը, ըստ էության, կլինի միայն ֆորմալ իմաստով։ Եվ այդ տեսանկյունից լրացուցիչ աջակցման մեխանիզմն էլ չեմ պատկերացնում»,- ասաց նա։











