Կառավարությունն իր կառուցվածքի վերաբերյալ առաջարկների ներկայացման մենաշնորհ ունի: Եվ այս պատճառով խորհրդարանականները չկարողացան ներկայացնել Կառավարության կառուցվածքի բարեփոխումների իրենց տարբերակը: Մարտի 11-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԼՀ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը հայտնեց, որ իրենք հիմա այլընտրանքային առաջարկ են պատրաստում, որը կուղղվի մի քանի նախարարությունների պահպանմանը: «Մեր առաջարկները նաեւ ուղղված կլինեն այն համակարգի վերակազմավորմանը, որի դեմ բոլորս պայքարել ենք: Ազգային անվտանգության ծառայությունը, Ոսստիկանությունը եւ պետական եկամուտների կոմիտեն պետք է Կառավարության կառուցվածք վերադառնան որպես նախարարություններ: Մենք նաեւ քննարկել ենք գյուղատնտեսության ոլորտը Էկոնոմիկայի նախարարությանը փոխանցելու հնարավորությունը: Բայց հիմա բանակցություններ ենք վարում փորձագետների հետ, քանի որ նրանցից շատերը պնդում են, որ այդպես չի կարելի վարվել»,- պարզաբանեց Մարուքյանը:
Նա նշեց, որ ԼՀ ներկայացուցիչները համանման քննարկումներ են անցկացնում նաեւ մշակույթի եւ էներգետիկայի նախարարությունների պահպանման հարցերով: Պետական կառավարման համակարգի օպտիմալացմանն անդրադառնալով՝ կուսակցության առաջնորդը շեշտեց, որ տնտեսությունը չի կարող զարգանալ կրճատումների պայմաններում: «Դա արդեն այդպես է որոշված, եւ չարժի ինչ-որ հետազոտություններ անցկացնել կամ գիտնականներին հանդիպել, այդ մասին խոսել, այլ հարկավոր է ամեն ինչին հետեւյալ կերպ նայել՝ եթե եղել է արհեստականորեն ուռճացված պետական ապարատ, ապա այն հարկ է կրճատել, եւ հակառակը»,- ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:
Ընդ որում՝ նա նշեց, որ երկար տարիներ գոյություն են ունեցել մասնագիտացված համակարգեր, եւ դրանց կրճատումն ու գործառույթների փոխանցումը այլ մարմինների թույլ չի տա լուծել եղած խնդիրները: Ավելին՝ հետագայում կարող է պարզվել, որ եթե Կառավարությունն ավելի ուշ որոշի վերականգնել վերացված կառույցները, ապա կարող է լուրջ խնդիրների բախվել, քանի որ մասնագետները, որոնք երկար տարիներ աշխատել են այս ոլորտում, այդ ընթացքում կա՛մ կարտագաղթեն, կա՛մ աշխատանքի կընդունվեն այլ վայրերում: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս ամենը կարող է հանգեցնել պրոֆեսիոնալ կադրերի լուրջ պակասի:











