Այս դահլիճում որեւէ մեկը չի մոռանում, թե ինչ է կատարվել երկրում, պետք չէ այս դահլիճում նստած որեւէ մեկից պաշտպանել հեղափոխությունը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հատարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ վարչապետի ելույթը որակելով որպես քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելու լավագույն ճանապարհ:

«Դուք նշում եք, թե հաճախ մոռանում ենք` ինչ է կատարվել երկրում: Այո, ճշմարիտ է, բայց ասեմ, որ այս դահլիճում որեւէ մեկը չի մոռանում, հեղափոխությունն այս դահլիճում նստած որեւէ մեկից պաշտպանել պետք չէ: Սա ասում եմ, քանի որ երեկ, երբ խորհրդարանը քննարկում էր կենսաթոշակների մասին հարցը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքիր միտք է արտահայտել:

Նա ասաց` կոչ եմ անում, հորդորում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեն նախագծին, դա ինձ համար անհասկանալի էր: Հնարավորություն չեղավ խոսել այդ մասին: Պարո´ն Միրզոյան, չեմ կարծում, թե Դուք այն կարծիքին եք, որ մենք դեմ կնոպկայի տեղը չգիտենք, կամ դժվարանում ենք այդ կոճակը սեղմել»,- ասաց Բագրատյանը:

«Պարոն վարչապետ, տնտեսական զարգացման մոտեցումը հասկանալի է, միգուցե շատ դեպքերում կարող ենք տարակարծիք լինել, սակայն գաղափարն ընդունում ենք: Այստեղ այլ խնդիրներ կան: Ճակատագրի բերումով, դուք իշխանություն եք, մենք ընդդիմություն ենք, եւ ընդդիմության դերը քննադատելն է, ինչքան էլ որ դա դժվար է ընկալվում պարոն Միրզոյանի կողմից (Այս խոսքերից հետո Ազգային ժողովը սկսեց ծիծաղել-խմբ): Ես կուզենայի՝ մենք հասկանանք, որ կա երկու տեսակ քննադատություն: Մենք քննադատում ենք ավելի լավ  պետություն ունենալու համար»:

Իր հերթին, վարչապետն նշեց, որ երբ իրենք խոսում են ժողովրդավարության մասին, աբսուրդ կլինի, երբ ժողովրդավարություն ասելով՝ որեւէ կերպ կասկածի տակ դնեն որեւէ մեկի քննադատելու իրավունքը, ընդ որում, կառուցողական, ոչ կառուցողական, արդարացի, ոչ արդարացի, քաղաքավարի, կոպիտ:

«Տարբերություն մենք չենք դնում, քննադատության իրավունքն անառարկելի է: Մեր հանրային դիսկուրսը մենք պետք է փոխենք, որովհետեւ 20 եւ ավելի տարիներ մեր հանրային դիսկուրսը եղել է հետեւյալը` ով ում հետ ունի, ով ում հետ չունի, ով ում ոտի տակը փորեց, ով ում ոտի տակը չփորեց: Հետո, որ էս մեկը էս մեկի ոտի տակը փորեց, ո՞վ էս մեկին օգնության հասավ, եւ ո՞վ  հող բերեց լցրեց էդ մեկի ոտի տակը: Այս դիսկուրսի որակը պետք է փոխվի:

Մեր երկրում 23 տարի անընդհատ եղել է  հեղափոխության սպասում, իշխանափոխության սպասում: Եվ դա բխել է իշխանության ոչ լեգիտիմ բնույթից, այդ սպասումն էլ է հասկանալի, որովհետեւ մարդը տեսել է, որ պրոցեսները Սահմանադրությունից դուրս է գնացել»,- նշեց վարչապետը: