Մեր կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ապրիլի 1-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին  հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Սակայն նրա խոսքով հարցեր են մնացել, որոնց այդպես էլ պատասխաններ չեն տրվել:

«Խոսքը հայկական կողմի օրակարգի մասին է՝ այսինքն երեք սկզբունքների եւ կարգավորման 6 տարրերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկատվություն չկա:  Մենք ուզում ենք հասկանալ՝ այս ամենն արդիական է, թե ոչ: Ընդհանուր առմամբ հանդիպումը դրական էր եւ մենք դրական ենք գնահատում այն, որ բանակցությունները շարունակվում են», -պարզաբանեց Մարուքյանը:

Միաժամանակ նա ոչ միայն չբացառեց բանակցային գործընթացում նոր տարրրերի եւ սկզբունքների մշակման տարբերակը, բայց նա կարծում է, որ հայկական կողմը հենց այդ ուղղությամբ է շարժվում:

«Սակայն մենք չպետք է մոռանանք, որ այս սկզբունքները պետք է հենվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այսինքն՝ ակտը չի փոխվում, միջազգային իրավունքը չի փոխվում, հարցը միայն դրա մեկնաբանման մեջ է:

Դուք տեսնում եք, որ աշխարհը փոխվում է եւ սկզբունքները տարբեր կերպ են մեկնաբանվում եւ բնականաբար, ավելի ուժեղի օգտին: Ով ուժեղ է, նա էլ լուծում է իր խնդիրները», - ընդգծեց պատգամավորը:

Մարուքյանի կարծիքով՝ այդ իմաստով ՀՀ իշխանությունները ճիշտ մարտավարություն են ընտրել, երբ միջազգային հանրությունից պահանջում են մեկնաբանել կարգավորման տարրերը եւ սկզբունքները, ինչպես նաեւ պնդում են բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության մասին:

Պատգամավորը վստահ է, որ գործընթացը թարմանում է եւ սա, ըստ նրա, անխուսափելի է, քանի որ Հայաստանում կան բազմաթիվ նոր մոտեցումներ, որոնք չեն կարող չազդել բանակցային գործընթացի վրա: