Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ այսօր փորձում են հետմահու վարկաբեկել նրան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև լրագրողների հետ զրույցում հայատարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Եթե ազգային հերոսին հետմահու ուզում ես վարկաբեկել, ինչ ասես։ Ուզում եմ վերաձևակերպել Ժակ Բրելի խոսքերը. նա ասում էր՝ հարցազրույց վերցրու նրա շրջապատի այն մարդկանցից, ովքեր թաղված էին կոռուպցիայի մեջ։ Անդրանիկ Քոչարյանը փախել ա Գյումրիից. գնացեք Գյումրի ու հարցրեք, թե ով էր Անդրանիկ Քոչարյանը։ Ո՞վ ա Ջհանգիրյանը. Ջհանգիրյանը 1995–ի կեղծարարության Ջեֆերսոնն է»,–հայտարարեց նա։
Հարությունյանի խոսքով՝ այսօր ՀՀ–ում գրեթե բոլոր ոլորտները վարկաբեկված են. «Նիկոլ Փաշինյանը, ով երկու անգամ սահմանադրական կարգի տապալման փորձի մասնակից է եղել, եթե ցանկանում է, որ երկիրը նորմալ հունի վրա ընկնի, չպետք է փորձի ավիրել արդարադատությունը, չփորձի ավերել բանակը, մշակույթը։ Այսօր բոլոր ոլորտները վարկաբեկված են»,–ասաց նա։
Արամ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 3–ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու եւ իր նկատմամբ առանձնապես դաժան բռնություն կիրառելու և խոշտանգելու փաստերով քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։











