Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձանց մեջ շոկային անուններ չկան, միակ ցուցմունքը տվել է Արշակ Կարապետյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Պարոն Քոչարյանի դեմ ցուցմունք տվող առանձնապես չկա, պարոն Քոչարյանի դեմ աննշան հատվածով ցուցմունքը կարելի է համարել Արշակ Կարապետյանի ցուցմունքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ցուցմունքում կա հատված, որի հետ հնարավոր չէ համաձայն լինել:
«Ընդ որում, այդ հատվածը ամբողջությամբ հերքում է թե հարցաքննված մնացած 12 հոգու ցուցմունքները, թե ուղղակի ինքն իրենով անհեթեթ է»,- ասաց փաստաբանը։
Հայկ Ալումյանը անհեթեթ համարեց այն, թե, իբր, Ռոբերտ Քոչարյանը կարգադրել է 2008 թվականի փետրվարի 24-ից մտցնել արտակարգ դրություն։
«Ասել, որ ամսի 24-ից արտակարգ դրություն է եղել, դա մենակ, երևի, Արշակ Կարապետյանը կարող էր ասել՝ միայն որոշակի առավելություն ստանալու ակնկալիքով»,- հայտարարեց Ալումյանը։
Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։











