Արցախի Քարվաճառի շրջանի Եղեգնուտ համայնքում մեծ մասամբ զինվորականներ են ապրում իրենց ընտանիքներով, հիմնական աշխատանքն էլ հենց զորամասում է։

Եղեգնուտի առաջին բնակիչը Վոլոդյա Գրիգորյանն է, բնիկ արցախցի, այստեղ է տեղափոխվել 1993թ.–ին։ NEWS.am–ի հետ զրույցում տարեց տղամարդը մտովի 26 տարի հետ է գնում եւ հիշում՝ ինչպես այդ որոշումը կայացրեց. «Կռվի ժամանակ վիրավորվել էի, հիվանդանոցից դուրս գրվեցի, եկա էստեղ, տեսա, որ շինարարություն ա սկսվել։ Գնացի տուն, կնոջս ասի՝ գնում ենք Եղեգնուտում ապրելու, ես շենքում չեմ կարա ապրեմ, կինս զարմացավ, բայց դե հետս եկավ։ Կինս խոհարար էր աշխատում, ես՝ պահակ, պալատկի տակ էինք մնում, մինչեւ տունը սարքեցինք»։

26 տարի անց Գրիգորյանների ընտանիքը մեծ տուն ունի, հողատարածք, զբաղվում են անասնապահությամբ, գյուղի սկզբնամասում խանութ ունեն։ Վոլոդյա պապը հպարտությամբ նշում է, որ ամեն ինչ ստեղծել է երեխաների ու թոռների բարեկեցիկ ապագայի համար։

«Երեւանում տուն ունեմ, բայց էստեղ գնացողը չեմ, պառավս վերցնելու եմ ու էստեղ էլ մնամ, ազատագրել ենք, էստեղ էլ մնալու ենք, շատ լավ ապրում ենք, ոչ մի բանից չեմ բողոքում, 90 գլուխ անասուն ունեմ, մինչեւ մեռնելս ապրելու եմ էստեղ, հողերը մերն ա, մերն էլ մնալու ա, թուրքերին հող տվող չկա»,– նշում է գյուղի առաջին բնակիչը։

Ի տարբերություն Գրիգորյանների՝ Մարիամ Փիլաֆյանի բազմանդամ ընտանիքը Եղեգնուտ է տեղափոխվել վերաբնակեցման ծրագրով։ 2005թ.–ին Արցախի իշխանություններից տուն ու տնամերձ հողատարածք են ստացել։ Ներկայումս Մարիամը դպրոցում է աշխատում, ավագ որդին ծառայում է Պաշտպանության բանակում։ Ասում է՝ պայմաններից դժգոհ չեն, կարեւորն աշխատանքով ապահոված են. «Բազմազավակ ընտանիքի համար այստեղ ավելի հեշտ է ապրելը։ Մենք աշխատավարձով ենք ապրում, հողամաս չենք մշակում, որովհետեւ ոռոգման ջրի խնդիր ունենք գյուղում։ Վերջին շրջանում նաեւ հոսանքի անջատումներն են հաճախակի դարձել, ինչի պատճառով մեր առօրյան խախտվել է մի քիչ»։

Գյուղը գազաֆիկացված չէ, խմելու ջրի խնդիր նույնպես կա. յուրաքանչյուրն իր սեփական միջոցներով է փորձում հարցը լուծել։

«Գյուղում պայմանները վատը չեն, որ աշխատես, կկարողանաս ապրել։ Եթե համեմատենք 2000 թվականն էսօրվա հետ, ապա հսկայական առաջընթաց ենք ապրել»,– ասում է Արտավազդ պապը։

Նշենք, որ գյուղն ունի նորակառույց դպրոց ու մանկապարտեզ։