Խորհուրդ կտամ ընթերցել քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական վարույթը բացառող հանգամանքները, որոնց մեջ նշված են նաեւ վաղեմության ժամկետները։ Այս խորհուրդը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տվեց լրագրողին՝ պարզաբանելով, թե ինչու է 1998 թվականին ընտրությունները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել։

Այդպիսի մեղադրանք էր հնչեցրել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում։ Այդ նամակից հետո այնուամենայնիվ Շիրխանյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ Սասուն Խաչատրյանին հիշեցրեց լրագրողը։

«Հնարավոր է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ի հայտ գային այնպիսի հանգամանքներ, որոնք որ վաղեմության ժամկետների խնդիր արդեն չունենային։ Բայց տվյալ դեպքում մենք ունեինք այն, ինչ ունեինք, խոսվել է միայն ընտրությունների արդյունքները կեղծելու մասին, խոսվել է կեղծ տեղեկանք տրամադրելու մասին, իսկ կեղծ տեղեկանքի մասով դեռեւս 2000 թվականին առկա էր չվերացված որոշում»,- ասաց ՀՔԾ պետը։