ԵԿՄ վարչության նախագահ ընտրվելուց այսօր՝ ապրիլի 7–ին, Սասուն Միքայելյանն իր ելույթում երդվեց ծառայել հայ ժողովրդին և երկրին։
«Հարգարժան մարտական ընկերներ, երդվում եմ մեր եռադրոշով ծառայել եմ, ծառայելու եմ և կծառայեմ Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության և իմ ժողովրդին։ Հասկանում եմ՝ ինչ մեծ պատասխանատվություն և պատիվ է ինձ համար, երբեք չկասկածեք, կյանքի, արյան գնով էլ լինի, պաշտպանելու մեր բոլորի պատիվը»,– ասաց նա՝ նշելով, որ իր թեկնածության մեջ «երևի կա Վազգենի հոգին»։
Ըստ ԵԿՄ նախագահի՝ այսօր կա մեկ գերնպատակ՝ հետ վերադաձնել ԵԿՄ–ի պատիվը, գնալ ակունքներին և ծառայել ժողովրդի հզորացմանը։
«Ես չեմ ուզում մտնել քաղաքականություն մեջ»,– ասաց նա, նաև շնորհակալություն հայտնեց ներկաներից, բացականերից, իր թեկնածությանը կողմ և դեմ արտահայտվողներից։
«Հավաստիացնում եմ, որ երկրապահը դառնալու է մի օջախ, որտեղ անկախ քաղաքական պատկանելությունից բոլորը պետք է լինեն հավասար»,– շեշտեց Սասուն Միքայելյանը։
Նա անդրադարձավ նաև իր այն հայտարարությանը, որ ինքը ԵԿՄ նախագահ չի դառնալու, և ԵԿՄ–ն պետք է լուծարվի։
«Երկրապահը լուծարված է այսօր, ես այսօր էս պաշտոնի պատասխանատվությունն եմ վերցրել, քանի որ իմ մարտական ընկերները պահանջել են և առաջարկել են իմ թեկնածությունը, և ես ոչ մի բարոյական իրավունք չունեի մերժեի իմ մարտական ընկերներին»,– ասաց նա, հավելելով, որ պետք է նոր շունչ տալ ԵԿՄ–ին։
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը նախորդ տարվա հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր․ «Որ խնդրեն էլ, աղաչեն էլ, չեմ դառնալում ԵԿՄ նախագահ»։











