Որպես Գագիկ Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ասեմ, որ դա մեր համար անընդունելի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում լսումների ժամանակ տրանսգենդերի կողմից ելույթ ունենալու փաստին:
«Որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայ, ադաթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով դա մեր համար անընդունելի է:
Դա արատ է: Արատը ոնց որ եղել է թաքուն պահել, պետք է թաքուն պահենք: Պենք թույլ չենք տալու երբեք ու երբեք դա տարածվի կամ օրինական ուժ ստանա», - ասաց Ծառուկյանը:
Դիտարկմանը, թե նրանք եւս իրավունք ունեն են պաշտպանել իրենց իրավունքները՝ Ծառուկյանն ասաց, որ յուրաքաչյուրը կարող է պաշտպանել իր իրավունքները, բայց որպես կուսակցության առաջնորդ ինքը կարող է բացառել, որ ԲՀԿ-ն այս տեսանկյունից օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի:
«Ամեն մարդ էլ կարող է, եթե խնդիր ունեն, թող դիմեն իրավապահների, բայց նոր օրենք ընդունել, նոր սահմանադրություն, հնարավորություն տալու, իմ կողմից, մեր կուսակցության կողմից բացառված է», - ասաց նա:
Ծառուկյանը նաեւ ընդգծեց, որ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ ճիշտ վարքագիծ է դրսեւորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել: «Նաիրա Զոհրաբյանն իրեն շատ ճիշտ է պահել, թույլ է տվել լսելու մարդուն: Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր, մեր կողքին չէր լինի», - ասաց նա:











