Տրանսգենդերի հետ կապված ամբողջ միջադեպն ունի հատուկ նպատակ՝ ազգային պառակտում մտցնել եւ ատելություն տարածել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Ազգային ժողովում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին ու դրան հաջորդած իրադարձություններին։
«Սրանք հստակ ծրագրված քայլեր են, որոնք ազգային պառակտում մտցնելու եւ ատելության տարածման նպատակ են հետապնդում։ Սա ծրագրված է հենց կառավարության կողմից»,–ասաց նա։
Հարցին՝ այժմ հնարավո՞ր է, որ նույնասեռականների մասին օրենք ընդունվի, ինչը երկար ժամանակ տարբեր արեւմտյան կառույցներից պահանջում էին ՀՀ կառավարությունից, Փոստանջյանը պատասխանեց. «Մեր հասարակությունը բեւացված է, եւ կարծիքները ծայրահեղ են, մենք իրավունք չունենք հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն մտցնել։ Գործող իշխանությունը հրապարակից հայտարարում է, որ կարեւոր հարցերի շուրջ մենք ունենալու ենք հանրաքվեի հնարավորություն։ Եթե ինչ–որ օրենքի ընդունման խնդիր կա, եւ այդ օրենքը վերաբերում է հասարակության մեջ առկա բեւեցված կարծիքներին, ապա դա պետք է տեղի ունենա լայն քննարկմամբ եւ հանրաքվեի միջոցով»։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին խորհրդարանում հանրային լսումների օրակարգում նշված էր, որ դատաիրավական համակարգի բարեփոխման, ինչպես նաեւ երեխաների եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկում պետք է լինի։ ՀԿ–ների ներկայացուցիչներ էին հրավիրվել, այդ թվում՝ «Իրավունքի կողմ» ՀԿ–ն, որի նախագահն է Լիլիթ Մարտիրոսյանը։ Հենց նա էլ հանդես եկավ ելույթով՝ հայտարարելով, որ ինքը տրանսգենդեր է։ Սրան հաջորդել էին բողոքի ցույցերը Ազգային ժողովի դիմաց։











