«Սպայկա» ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ ազատ է եւ կարող է մտնել շուկա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ խոսելով «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորումից հետո մթերման դադարեցման հնարավորության մասին։

Նախարարի պաշտոնակատարը շեշտեց՝ տնտեսությունը մի ընկերությունից չպետք է կախված լինի. «Նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրված է, որ մենք պետք է ստեղծենք առնվազն 4 նման լոգիստիկ կենտրոններ եւ գյուղատնտեսական բորսա, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել թե՛ խաղացողներին, թե՛ շուկաները, որը նմանատիպ դեպքերից  մեզ հետ կպահի, որովհետեւ միայն «Սպայկան»  չէ, կարող է շուկաները փակվեն, կարող են այլ հանգամանքներով ընկերությունները չցանկանան աշխատել, չի կարող տնտեսությունը կախված լինեն մեկից»։

Նա անդրադարձավ նաեւ «Սպայկա» ընկերության այն հայտարարությանը, որ մթերումները դադարեցնում են. «Մենք ոչ միայն «Սպայկայի», այլ բոլոր մթերողների ու արտահանողների հետ ենք հանդիպում, աշխատանքներ տանում։ Այս պահին դեռեւես լուրջ անհանգստացնող բան չկա, քանի որ «Սպայկան» իր հայտարարության մեջ ասում է՝ ոչ թե չեն մթերի, այլ որ եթե ֆինանսական միջոցների խնդիր լինի։ Մենք բոլոր մթերողներին ֆինանսական միջոցներ ենք տրամադրում, բոլորին անխտիր, որպեսզի գնան պայմանագիր կնքեն, բայց հիմա չգիտենք, թե գյուղացիները ինչու չեն կնքում։ Մենք այս պահին ունենք լուրջ ֆինանսական ռեսուրսներ եւ բոլորին կարող ենք տալ։ Այսինքն՝ ցանկացած մթերող գնում է բանկ, ֆինանսական կառույց եւ վերցնում է այդ ֆինանսական ռեսուրսը»։

Գեղամ Գեւորգյանը նշեց, որ իրեն տեղեկություններ են հասնում, որ գյուղացիները պայմանագիր չեն կնքում. «Ինձ մթերողներն ասում են, որ գյուղացիները խուսափում են պայմանագիր կնքել։ Պայմաններն ավելի շահավետ են, քան անցյալ տարի։ «Սպայկայի» հետ գործընթացից դեռ որեւէ գյուղացու վրա անդրադարձ չի եղել։ Ֆինանսական ռեսուրսն եք ասում, նորից ասում եմ, ֆինանսական ռեսուրսներ տրամադրել ենք բոլորի համար։ Պետք էր դիվերսիֆիկացնել, լոգիստիկ կենտրոնի համար փող ենք բերել, մեծ բորսայի համար փող ենք բերել։ Մի օրում այդ ամեն ինչը չէինք կարող սարքել, մեզ մի տարի ժամանակ պետք է»։

Հարցին՝ «Բեսթ-ֆրութ» ընկերությունը հնարավո՞ր է գրավի «Սպայկայի» տեղը, նա պատասխանեց. ««Բեսթ Ֆրութ» ընկերությանը չեմ ճանաչում, նոր ենք տեղեկացել, որ կա նման կառույց, կարծում եմ մինչեւ այս էլ, սրանից հետո է ինչ–որ մեկի տեղը գրավելու խնդիր չկար, ազատ շուկայական հարաբերություններ են, ցանկացած ընկերություն ցանկացած պահի կարող է մտնել շուկա շուկա։ «Սպայկայի» տեղը գրավելու կամ չգրավելու խնդիր չկա, «Սպայկան»  Հայաստանի գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, ցանկացած անձ ազատ է ու կարող է մտնել շուկա»։

 Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանից արտահանված միայն թարմ միրգ ու բանջարեղենի 20–21 տոկոսը «Սպայկայի»  միջոցով է իրականցվում։