Անհրաժեշտ է ապահովել նոր աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե հանուն մրցակցության ապահովման մտածել եղածները փակելու մասին: Ապրիլի 12-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչպես նաեւ «Գործունեության իրականացման վերաբերյալ իրազեկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթին:
Նրան, մասնավորապես, զայրացրեց Սարգսյանի այն արտահայտությունը, որ անհրաժեշտության դեպքում հանուն պետական շահի կարելի է աշխատանքից զրկել հարյուրավոր մարդկանց: «Նման հայտարարություններ կատարելուց առաջ պետք է հարց տալ՝ իսկ ձեր կողմից թեկուզ մեկ աշխատատեղ ստեղծվե՞լ է, որ դուք դեռ որոշեք՝ այս կամ այն ոլորտում պետք է աշխատատեղերը պահպանել, թե ոչ: Սա սխալ մոտեցում է: Մենք խոսում ենք մեր համաքաղաքացիների մասին: Նրանք ընտանիքներ ունեն, եւ ըստ էության՝ դրանք մեր ընտանիքներն են: Մենք պետք է մտածենք նրանց բարեկեցության մասին, այն մասին, որ մեզ մոտ աշխատետեղերն ավելանան, այլ ոչ հակառակը»,- շեշտեց Արթուր Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը ներկայացրել է օրինագծերի փաթեթ՝ երկիր իրանական ցեմենտի ներմուծման մաքսատուրքը տոննայի համար մինչեւ 22 հազար դրամ բարձրացնելու մասին: Կառավարության կարծիքով՝ սա կլինի ցեմենտի տեղական արտադրողներին աջակցելու անհրաժեշտ գործողություն: Իշխող դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշել էր քննադատել սեփական կառավարությանը՝ հայտարարելով մցակցության պահպանման մասին՝ անգամ հարյուրավոր մարդկանց աշխատանքից զրկվելու գնով:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Հայաստանում ցեմենտի արտադրության միակ ընկերության սեփականատերն է:











