ՊԵԿ աշխատակիցների կողմից ստուգումների հետևանքով «Առինջ մոլի» հաճախորդները նվազել են, առևտուրը՝ նվազել։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության ասել են մոլի առևտրականները՝ նշելով, որ չնայած դրան, իրենք շարունակելու են աշխատել։ Այսօր՝ ապրիլի 12-ին, մինչև աշխատանքը սկսելը նրանք հավաքվել են «Առինջ մոլի» բակում։
Տնօրեն Սամվել Հակոբյանը վստահեցրեց, որ իրենք օրինական են աշխատում, և դա կհաստատվի նաև ՊԵԿ ստուգումների արդյունքում։
«Էսօր քոմենթներում ինչ ասես գրում են։ Էս մատանին շուշա ա, այ ձեր ցավը տանեմ, բրիլիանտ չի։ Էսօր ես ունեմ վարկ, տղես ունի, կինս ունի։ Միլիոն չենք առնում ստեղ, որ պետությանը խաբում ենք»,- ասաց նա:
Սամվել Հակոբյանը նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է տնտեսական հեղափոխություն, և դա սկսվելու է «Առինջ մոլից». «Դա մեր մոտից է սկսելու, մենք բոլորս այնքան լավ ենք աշխատելու, որ մի աշխատողի տեղը երեք աշխատող պահենք»,- հայտարարեց մոլի տնօրենը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:











