Խնդրի առանձնահատկությունն այն է, որ խոսքը ոչ թե բանակ զորակոչվածների ուսումնական գործընթացը եւս 6 ամսով երկարացնելու մասին է, այլ որ փորձառություն չունեցող մեր երիտասարդները առաջնագծում չծառայեն, թող ծառայեն 2-րդ գծում, 3-րդ գծում, ձեռք բերեն համապատասխան փորձառություն, մեկ տարի հետո թող գնան առաջնագիծ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսել ԲՀԿ–ականների օրենսդրական նախաձեռնության մասին, ըստ որի՝ ժամկետային զինծառայության առաջին տարվա ընթացքում զինվորը չպետք է ծառայի առաջնագծում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը արձագանքեց, որ եթե դժբախտաբար մեքենա է վթարի ենթարկվում եւ զինծառայողներ են զոհվում, դա ուսուցման փուլի երկարացման հետ կապ չունի։
ԲՀԿ–ից Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց «Իմ քայլի» պատգամավորին. «Մի տեսակ վատ սովորություն է ձեւավորվել, անպայման պետք է զոհ լինի, մի մեծ սպառնալիք լինի արդեն իսկ արձանագրված, որ մենք մտածենք դրա դեմն առնելու մասին։ Այսօր ում համար է գաղտնիք, որ բանակում մեկ տարին չբոլորած զինվորի համար նաեւ հոգեբանական խնդիր է առաջնագծում լինելը։ Հիմա անպայման պետք է զինվորներ մահանան, որ օրենք ընդունենք, բա մերն խելամտությունը ինչումն է կայանում, որ ընդունենք օրենքներ, որոնք ողջամտության սահմաններում կկանխեն հնարավոր դեպքերը, ոչ թե «գնա մեռի, արի սիրեմ» մոտեցումը կիրառնեք»։
«Իմ քայլից» Տիգրան Կարապետյանն իր հերթին նշեց. «Խնդիրը վերաբերում է մեր պաշտպանությանն ու պաշտպանունակությանը, այստեղ պոպուլիզմը կարծում եմ տեղ չունի։ Այս պահին մենք այդքան ռեսուրս չունենք, հենց ռեսուրս ունենանք, դրա մասին կմտածենք»։
Ազգային ժողովի ԲՀԿ–ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը արձագանքեց, որ օրինագիծը բացառապես կանխարգելող միտում ունի. «Մենք գտնում ենք, որ առաջնագծում պետք է պրոֆեսիոնալներ լինեն, 18 տարեկանները այս 5 ամիսների ընթացքում բավարար պատրաստվածություն ձեռք չեն բերում, որ ձեռք բերեն անհրաժեշտ հմտությունները եւ անցանկալի դեպքեր չարձանագրվեն»։
Քննարկումներին արձագանքեց «Իմ քայլից» Սասուն Միքայելյանը. «12 ամիս որ զինծառողը որ պատրաստվի, նախ մենք 2-րդ, 3-րդ գիծ չունենք, կան հատուկ նշանակետեր, որտեղ կարան ծառայեն, մեր զինվորները այսօր 1-ին գիծը հազիվ են պահում։ Ես խորհրդային բանակում 1 ամիս ենք պատրաստվել մարտական գործողություններին, 12 ամիս ո՞նց կարան զինծառայողները պատրաստվեն»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շեշտեց՝ օրինագծի հիմքում դրվում է վիճակագրություն, որը հարցի հետ կապ չունի։ «Այստեղ է դիսոնանսը»,–ասաց նա՝ հավելելով, որ կմիանա հանձնաժողովի բացասական եզրակացությանը։











