Սարքել էին, թե իբր ցեմենտի գործարանում ասել են՝ ճանապարհները փակեք. եղբայր, ո՞վ է այդպիսի բան ասել։ Դա պրովոկացիա է, որ այնտեղ կան 7-8 հոգի մարդ, պրովոկացիա են կազմակերպել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանում բողոքի ակցիային:

«Ես իմ աշխատողների ցավը տանեմ, ես իրենց չեմ կրճատել, հիմա գնալու եմ իրենց հետ հանդիպման: Նույնիսկ ասել եմ՝ գնացեք տուն, դրսում մի մնացեք»,-ասաց նա:

«Կառավարությունը որոշումը կայացրել է, որ տեղական արտադրությունը պահելու համար, որ աշխատողները գործազուրկ չմնան, որոշել են ներկրվող ցեմենտի տուրքը լինի 22 հազար դրամ, մենք էլ կարող ենք մեկ տոննա ցեմենտի գինը 50 հազարից դարձնենք 40 հազար: Դա մրցակցային հնարավորություն է տալիս, որ եթե գինը բարձրացնենք, Իրանից կբերեն: Բայց հետո կառավարությունից հանձնարարությունը ստանում են, բայց ԱԺ հանձնաժողովում ծանոթ-բարեկամի որոշմամբ են որոշում կայացնում: Հանձնաժողովն ո՞վ ա, որ չի տիրապետում, ասում է՝ թող 400-500-1000 ընտանիք գործազուրկ նստեն տունը: Դա ասելու հարց ա՞»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե ո՞վ է այդ ծանոթ-բարեկամը, որ նրա շահերի համար որոշել են ներկրվող կլինկերի համար տուրք չսահմանել, Ծառուկյանը պատասխանեց. «Գնացեք հարցրեք, թե երեկ երեկոյան, Թունյանի, Սարգսյանի, Սիսեռյանի հետ հանդիպմանը 4-րդ մարդը ով է եղել, եւ իրենք ինչ են քննարկել, ում անձնական շահերն են ուզում պաշտպանել:

Կառավարիչն էլ ասում է՝ եթե տուրք չեք սահմանում, մեզ ավելի ձեռնտու է պատրաստի ապրանքը բերենք, էսքան փող չծախսենք: Հանձնաժողովը որոշել է կլինկերի համար տուրք չլինի, միայն ցեմենտի համար լինի, բայց կլինկերը ցեմենտի 90 տոկոսն ա: Ասում են՝ ցեմենտն էլ Ծառուկյանի համար են արել, առանց ամաչելու»: