Թող մի հատ ասեին, թե Ծառուկյանը ինչի՞ է գնացել Արարատի մարզ, ոչ թե ասեն՝ Ծառուկյանի մեքենայի համարը կարմիր էր, սեւ էր, թե սպիտակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս ինքն Արարատի մարզ է այցելել դիվանագիտական համարանիշներով մեքենայով:
«Գոնե ասեն, թե ինչի է գնացել, ինչ քայլ է կատարել ժողովրդի համար, խաղողագործների համար, մարդկանց հույս է տվել, դուխ է տվել, ինչ հարց եղել է տեղում լուծել են, գոնե բարի լինեն, ասեն, թե ինչի է գնացել, ասում են՝ Ծառուկյանի մեքենայի համարը կարմիր էր, սեւ էր, թե սպիտակ: Կարմիր էր նրա համար, որովհետեւ եթե մարդը ընկերություն, շրջապատ չունի, չի կարա հասկանա: Սա բարեկամական հարաբերությունների, վստահության ինչ-որ նշան էր, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ են եղել: Բոլորդ էլ գիտեք կապն էլ, հարգանքն էլ, վստահությունն էլ»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:
Հարցին, թե դիվանագիտական համարանիշները բարեկամության համա՞ր են տալիս, Ծառուկյանն արձագանքեց. «Դիմեք դեսպանատուն, այնտեղ ձեզ կասեն՝ փաստաթղթերը ոնց է ձեւակերպած»:











