Արցախի մեր հայրենակիցները բավականին կոշտ են արձագանքում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե նրանք, որոնք Արցախը hամարում են Հայաստանի մարզ, չհատեն սահմանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Կոչ եմ անում այդ մարդկանց, որոնք ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը։ Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն»,-հայտարարել էր Բալասանյանը` անդրադառնալով Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնած՝ Արցախը մարզի կարգավիճակով ՀՀ-ին միավորելու քայլերին:

Արցախցիները նշում են, թե Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն անելու իրավունք չունի, քանի որ Արցախը Հայաստանի մի մասն է եւ նման հայտարարություններով փորձել տարանջատել Արցախը մայր հայրենիքից, պարզապես ազգի մեջ թշնամություն քարոզել է. «Մի մարդու կարծիքով չի կարող լինել: Շատ բան է ասում Բալասանյանը: Չի կարելի նման բան անել: Նա այն ուժը չի ներկայացնում , որ արցախցիների անունից խոսի»,-նշում են արցախաբնակ մեր հայրենակիցները»: