Վստահաբար, խնամի, ծանոթ, բարեկամ կապերը որեւէ կերպ չեն անդրադառնում քաղաքական շահերի վրա, այդ գործոնը մեր գործողություններում բացարձակապես գործ չունի, չկա այդպիսի գործոն: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ըստ որի ԱԺ տնտեսական հանձնաժողովում ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի ներմուծման համար պետական տուրք չի սահմանվել, քանի որ գործել է խնամի, ծանոթ հարաբերությունները:

Ծառուկյանը նաեւ հայտարարել էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր պաշտոնավարման օրից ֆիքսված է իրեն պատկանող ընկերությունների վրա եւ անընդհատ ստուգումներ են իրականացնում: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանն ասաց. «Ոչ ստուգումները, ոչ պետական տուրքի վերաբերյալ փոփոխությունները պայմանավորված չեն Ծառուկյանի նկատմամբ չեղած քաղաքական հետապնդումներով»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե հենց քաղաքական սուր ելույթներ կամ սրացումներ են լինում, իշխանությունները հիշում են Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլը», ԱԺ նախագահն արձագանքեց. «Ով ինչ ասես կարող է հայտարարել: Ես արդեն նախորդ հարցի պատասխանում ասացի, որ նման բան չկա: Նոր Հայաստանում բացառվում է որեւէ հիմնարկի հարկայինի կողմից ստուգում պայմանավորված այս կամ այն քաղաքական հայացքով, այս կամ գործչին պատկանելիությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարությունը նախագիծ էր ներկայացրել ԱԺ, ըստ որի տեղական արտադրողին աջակցելու նպատակով 22 հազար դրամ պետական տուրք է սահմանվում թե ներկրվող ցեմենտի, թե ներկրվող կլինկերի վրա: Սակայն ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվել է, որ տուրքը պետք է սահմանվի միայն ներկրվող ցեմենտի վրա: Դրանից հետո «Մուլտի գրուպ»-ում որոշել են, որ այդ դեպքում իրենք ոչ թե կարտադրեն կլինկերը, այլ էժան կբերեն Իրանից, իսկ դա նշանակում է, որ «Արարատցեմենտի» շուրջ հազար աշխատակիցների կարիքը չկա: Վերջիններս ծանուցագրեր են ստացել, որ երկու ամսից ազատվելու են աշխատանքից: