Եթե դեմ լինեինք Գոռ Հովհաննիսյանի թեկնածության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, ես ունեի բոլոր հնարավորությունները ի սկզբանե չգրանցել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ես խոսել եմ Ազգային ժողովի նախագահի եւ աշխատակազմի անունից, ասել եմ, որ որպեսզի հնարավորություն տրվի իրավասու մարմնին՝ Հանրապետության նախագահին իրականացնել իրեն վերապահված լիազորությունները, հնարավորություն եմ տվել գրանցել թեկնածուին, այնուհետեւ նամակով դիմել եմ եւ առաջարկել ձեւական սխալները շտկելու համար ուղարկել ամեն ինչ հայերեն եւ ուղարկել ապացույցները, ինչը օրենքը պահանջում է»,–նշեց նա։
Հարցին՝ ինչո՞ւ խմբակցությունը չունի ընդհանուր դիրքորոշում, թե ինչպես է քվեարկելու Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը, ԱԺ նախագահը հորդորեց խմբակցությունից հարցնել։
Դիտարկմանը, որ գուցե ձեւական են գրանցել՝ ցույց տալու համար, որ դեմ չեն, ԱԺ նախագահը նման պատասխան տվեց. “Ինչի՞ համար: Հարգելիներս, Լեզվի մասին օրենքն ու Սահմանադրությունը ես մեջբերեցի, ասում են, որ ամեն ինչ պետք է լինի հայերեն: Որպեսզի Գոռ Հովհաննիսյանին օրենքի տառից կառչելով ձեւական պատճառաբանությամբ չսահմանափակվի այդ հնարավորությունը, նա գրանցվել է: Եվ այդքանից հետո դուք ասում եք, որ արհեստական խոչընդոտ է ստեղծվում Գոռ Հովհաննիսյանի համար, որպեսզի հնարավորության դուռ բացվի Վահե Գրիգորյանի համա՞ր: Տրամաբանությունն ինձ բոլորովին հակառակն է հուշում, ես գրանցում եմ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, հետո հնարավորություն տալիս, որ եղած բացերը լրացվեն, դրանից հետո դուք եկել ու ասում եք, որ Գոռ Հովհաննիսյանի առջեւ խոչընդոտնե՞ր են ստեղծվում”:
Լրագրողներից մեկը նկատեց, որ կարծես թե «Իմ քայլը» ՍԴ դատավորի պաշտոնում տեսնում են Վահե Գրիգորյանին, Միրզոյանն ասաց. «Եթե այդպես լիներ, ես ունեի բոլոր հնարավորությունները իսկզբանե չգրանցել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Արհեստական խոչընդոտ Գոռ Հովհինիսյանի թեկնածության համար ոչ միայն չի ստեղծվել, այլ ճիշտ հակառակը՝ թերի ներկայացված փաստաթղթերի թերությունները, բացերը շտկելու համար նոր հնարավորություններ են տրվել, նա նոր փաստաթղթեր է ուղարկել»։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում պատմել էր թեկնածու Գոռ Հովհաննիսյանի առաջադրման պատմության մասին՝ տեղեկացնելով, որ նրա թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի մեջ խնդիրներ են եղել։ «Ներկայացված փաստաթղթերի առնվազն զգալի մասը հայերեն չի եղել, այլ օտար լեզվով՝ գերմաներենով»,- նշել էր Միրզոյանն՝ ավելացնելով, որ բացի այդ, փաստաթղթերը լիարժեք չեն եղել, չի բավարարել թեկնածուի աշխատանքային ստաժը։











