Ես մի քանի անգամ շեշտեցի, որ Սահմանադրական դատարանի դատավորը քաղաքականությամբ չի զբաղվում, հետեւաբար ինձանից քաղաքական գնահատական ակնկալելը ճիշտ չէր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Հովհաննիսյանը, որի ՍԴ դատավորի թեկնածությունն ԱԺՆ–ն այսօր մերժել էր։

Իրեն չընտրելու պատճառը նա դժվարացավ նշել, սակայն շեշտեց՝ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, բոլոր պայմաններին բավարարում է։ «Հենց պարոն Բաղդասարյանը, որը ամեն ինչ շատ էր քննարկում մասնագիտական փորձառության հարցը, հենց ինքը ընդմիջման ժամանակ հաշվարկեց եւ ստացավ իր ուզած թիվը, այսինքն 15 տարից ավելի, սակայն հասկանալով, որ ես բավարարում եմ այս պայմանին, միեւնույնն է դրանից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ չեմ բավարարում, ես դա չհասկացա։»,–նշեց նա։

Գոռ Հովհաննիսյանը  շեշտեց՝ փաստաթղթերի խնդիրը, որ բարձրացվել էր, արհեստական էր եւ անհիմն. «Քաղաքական դրդապատճառ կար այս ամենի հետեւում, խորհրդարանի ցանկացած որոշում քաղաքական որոշում է, սակայն ես գիտեմ, ես գրեթե համոզված եմ, որ իրականում ոչ ոք կասկած չուներ, որ ես բոլոր  պայմաններին բավարարում եմ, մարդիկ խոսում էին այդ մասին եւ ոչ ոք չէր ուզում ստուգել փաստաթղթերը»։

Նա նաեւ հերքեց Արարատ Միրզոյանի պնդումները փաստաթղթերի մասով. «Այլ լեզվով ներկայացման խնդիրը եւս լուծված էր, ես ներկայացրել եմ թարգմանությունները։ Տարօրինակ էր ինձ համար պարոն Միրզոյանի այն  պնդումը, թե  լրացուցիչ փասատթղթերի ներկայացման հետեւանքով առաջացել է խառնաշփոթ, որովհետեւ օրենքը տալիս է այդ հնարավորությունը, որ ներկաայցվեն պկաս փաստաթղթեր, որոնք հստակություն պետք է մտցնեին»։

Գոռ Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ վերադառնալու է Գերմանիա. «Ես Հայաստանում եմ գտնվում երկու շաբաթով, իմ գործատուները բացառության կարգով թույլատրել են, ես աշխատանքային պայմանագրեր ունեմ, որոնք պատշաճ պետք է կատարեմ։ Եթե ընտրվեի դատավորի պաշտոնում, ինձ պետք է ժամանակ տրվեր, որ կարողանայի իմ կյանքը Գերմանիայում եզրափակեի, ես հազար ու մի պայմանագրեր ունեմ Գերմանիայում»։

Հարցին՝ եթե այժմ իշխանությունն առաջադրի Վահե Գրիգորյանի թեկնածությունը, դա Սահմանադրության խախտում կլինի՞, Գոռ Հովհաննիսյանը հաստատեց. «Այո, խախտում կլինի, եթե չլինեն հանգամանքների էական փոփոխություններ, որը կարդարացնի մեկ անգամ առաջադրված թեկնածուի կրկնառաջադրումը։ Ես կարծում եմ, որ խորհրդարանի բացասական որոշումը պետք է հարգել»: 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում 24 կողմ, 75 դեմ ձայներով Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավոր։