Քննարկումը ցույց է տալիս, որ սա ապագա չունեցող օրենք է եւ շատ կարճ ժամանակ հետո փոխվելու է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում ներմուծվող ցեմենտի համար 22 հազար դրամ տուրք սահմանող օրինագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ինչ վերաբերում է էկոոնոմիկայի նախարարին, ես խորհուրդ կտամ, որ շատ-շատ երկար մտածի: Ոչ թե մտածի, այլ շատ երկար մտածի, եւ այս ամբիոնից քաղաքական ճշգրիտ մեսիջներ հաղորդի: Դուք ունեք քաղաքական պաշտոն եւ ինքնուրույն պետք է մշակեք ու իրականացնեք ձեր ոլորտի քաղաքականությունը: Ո՞րն է կայանում ձեր ինքնուրույն մշակած քաղաքականության իրականացումը, ոչ մի բան»,-ձայնը բարձրացնելով ասաց Մելքումյանը:

Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Սարգսյանն ասաց. «Երբ դուք ձեր ձայնը բարձրացնում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի՝ նախարարի վրա, ձեր ասածն ավելի չի արժեւորվում: Մյուս անգամ խնդրում եմ ժողովրդի կառավարության նախարարի վրա ձայն չբարձրացնեք»:

Նա նաեւ նկատեց, որ այս օրենքը արտադրողների համար է, եւ ներկրողների դեմ է, որովհետեւ ներկրողների համար 22 հազար դրամ տուրք է ավելանում:

Նշենք, որ այս օրինագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» դեմ էին, սակայն այն ընունվեց: