Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով գործարար ինձ չեն ներկայացրել իմ ենթակաները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դիտարկմանը, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, նաեւ պահանջել են քրեական հետապնդում սկսել նույն հիմքով՝ նշելով, որ Ծառուկյանն ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում, ՊԵԿ նախագահն ասաց. «Ակտիվ հարկ վճարողները, որոնք հարկային համակարգում ինչ-որ մի գործողություն են իրականացնում, հաշվարկ են ներկայացնում, շուրջ 85-90 հազար են: Խոշոր հարկ վճարողները 1400-1500 են, ես այդքան մեծ հիշողություն չունեմ: Ամենօրյա վարչարարություն իրականացնելիս այդպիսի անուն-ազգանունով գործարար ինձ չեն ներկայացրել իմ ենթակաները»:

Նա նաեւ հավելեց, որ անհատական շփումներ չունի Գագիկ Ծառուկյանի հետ:

Իսկ որ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում շատ է հիշում ՊԵԿ նախագահին, վերջինս ասաց. «Շատ էլ լավ է անում, մենք այն հիմնարկն ենք, որ բոլորը շատ հաճախ են հիշում»:

Դիտարկմանը, որ Ծառուկյանը միտում է տեսնում, որ իրեն պատկանող ընկերություններում ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Մենք լսում ենք պարոն Ծառուկյանի տեսակետը, բայց բնականաբար, չենք համաձայնում: Ես հետեւություններ չեմ անում, ես իմ իմ գործն եմ անում»: