Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները համահունչ են մեր Միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ):
Նա, մասնավորապես, նշել է.
Այսօր Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են մեր հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։
Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։
Վերջին տարվա ընթացքում մենք կարողացանք էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և դատական իշխանության անկախության ամրապնդման հարցում։
Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ։ Սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, և չեմ վարանի ասել, հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ։
Գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ Մենք նաև օպտիմալացում ենք իրականացնում պետական կառավարման համակարգում՝ ուղղված կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Բոլոր այս քայլերն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործնական ներուժի ազատ իրացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։
Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը։
Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում բարձրացել է կառավարության հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակը։ Ակնհայտ է զսպումների և հակակշիռների համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։
Այս ամենը տեղի է ունենում երկրում ժողովրդավարության առավել հասուն ինստիտուտների ձևավորման, քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների առկայության պայմաններում։
Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ։ Սա մեծապես պարտավորեցնում է, բայց և միևնույն ժամանակ ոգեշնչում է համարձակ քայլերի և անձնազոհ աշխատանքի՝ ի շահ մեր ժողովրդի և երկրի։
Հարգելի ընկերներ,
Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները համահունչ են մեր Միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Որպես արդյունք` մենք Միությանն անդամակցությունը դիտարկում ենք որպես մեր կառավարության նպատակներին և խնդիրներին հասնելու գործիքներից մեկը և որպես տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։
Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ։ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով։
Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։
Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։
Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները:
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրականացումը, որը մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից է:
Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը:
Մենք առանձնահատուկ կարևորում ենք մեր Միության արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը: Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման և նոր գործընկերությունների որոնման ուղղությամբ:
Ինտեգրացիայի այլ առաջնահերթությունների շարքում կցանկանայի նշել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումը, ինչպես նաև մատչելիության մակարդակի բարձրացումը, ֆինանսական ծառայությունների աճը և կայունությունը և այս շուկայում մրցակցության զարգացումը:
Ոչ պակաս կարևոր է նաև նորմատիվ-իրավական բազայի բարելավումը, որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող և մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրականացումը:
Մենք նաև կարևոր ենք համարում Միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը:
Հարգելի ընկերներ,
Որպես նախագահող երկիր` այժմ կցանկանայի անցնել մեր նիստի օրակարգի հարցերի քննարկմանը: Կարծում եմ` ընդհանուր տեսակետ կարտահայտեմ, եթե ասեմ, որ այսօրվա քննարկումն անցավ բաց և վստահության մթնոլորտում:
Քննարկվող հարցերից կցանկանայի ընդգծել Եվրասիական ցանցի նախագծի կարևորությունը: Կարծում եմ, որ այն կնպաստի մեր երկրներում արտադրության աճի տեմպերի և արտադրության ծավալների աճին և թույլ կտա ստեղծել գործիքներ միջպետական համագործակցության խորացման համար:
Կարևոր է նաև բարելավել միջսահմանային տեղեկատվական փոխգործակցության համապատասխան մակարդակի անվտանգություն ունեցող մեխանիզմները:
Կարծում ենք` անհրաժեշտ է ներդնել տնտեսվարողների անխափան փոխգործակցությունը գործադիր իշխանության հետ ապահովող այնպիսի մեխանիզմ, որի իրագործման դեպքում բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան կիրառել թվային ստորագրությունների ազգային չափանիշները, իսկ համապատասխան լիազոր մարմինը կապահովի փաստաթղթի իրավազորումը:
Մենք չափազանց կարևոր ենք համարում միասնական շուկայում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացման հարցը, ինչպես նաև բիզնեսի համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը` առողջ մրցակցության միասնական կանոնների և լոգիստիկ և տրանսպորտային և հաղորդակցության հնարավորությունների արդյունավետ օգտագործման պայմաններում:











