Շարժական առեւտրի կետերի ներկայացուցիչները հանդիպել են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ եւ ներկայացրել իրենց խնդիրները։ Այս մասին այսօր՝ մայիսի 2–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ խոստացել են կարճ ժամանակում իրենց հարցին պատասխանել։
«Հանդիպեցինք Նաիրի Սարգսյանի հետ, խոստացավ, որ խնդրի մասին կզեկուցի պարոն Փաշինյանին եւ այսօր կամ ամենաուշը վաղը կպատասխանի՝ այո կամ ոչ»,– ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են դրական պատասխան, որպեսզի բոլոր շրջիկ կետերին հնարավորություն տրվի ՀԷՑ–ից թույլտվություններ վերցնել եւ աշխատել։ Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ շարժական առեւտրի կետերի ոլորտը մաքրվում է՝ միլիարդատեր պաշտոնյայի համար, նա ասաց, որ եթե իրենց հարցին դրական պատասխան չտան, կհայտարարի այդ պաշտանյայի անունը, եւ կշարունակեն իրենց բողոքի ակցիաները։
«Շարունակելու ենք մեր պայքարը, մեր ակցիաները, այստեղ, քաղաքապետարանի դիմաց, քանի որ բոլորը պարապուրդի են մատնվել հետեւաբար մեր գործն արդեն ակցիա անելն է։ Պահանջն այն է, որ մեր ընտրած կառավարությունը պետք է օգնի մեզ, ոչ թե խոչընդոտի»,– եզրափակեց Մելիքյանը։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքում շրջիկ առեւտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ, որով սահմանափակվելու է այդ կետերի գործունեության պայմանները և ժամերը։ Բացի դրանից, ՀԷՑ–ը հոսանքազրկել է այդ կետերին՝ պատճառաբանելով, որ լարանցումները կարող են վտանգավոր լինել։











