Հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել, որի համաձայն՝ պարզվում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի ահաբեկչական խմբավորում է, որը տարբեր նախագծերով հարմարեցնում է իրավիճակ, որպեսզի ահաբեկչություն լինի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին՝ ուղղված իրենց օրենսդրական առաջարկին։

«Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ տեղեկություններ տարածես, որոնք իրականությանը չեն համապատասխանո՞ւմ»,- վարչապետին դիմեց Մարուքյանը եւ ապա պարզաբանեց, թե իրականում ինչ են ներկայացրել կառավարությանը եւ ինչ նպատակով։

«Մենք առաջարկում ենք օրենքը բերել նախկին իրավակարգավորումներին։ Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը ժամանակին տեղադրվում էին կառավարության կայքում, հետո Սերժ Սագսյանը բերեց այս օրենքը, որտեղ գրված էր, որ դրանք գաղտնի են լինելու, հետո եղավ հեղափոխություն, որից հետո ներկայացրել ենք նախագիծ՝ առաջարկելով օրենքը բերել նախկին կարգավորումներին»,- ասաց նա եւ ընդգծեց, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2014-ին դեմ է քվեարկել այդ օրինագծին, իսկ Արտակ Զեյնալյանը, որը եւս այսօր բացասական է արտահայտվել իրենց նախագծի վերաբերյալ, ժամանակին պնդում էր, որ իշխանության առաջարկած փոփոխությունը հակասահմանադրական է։

«Էս ի՞նչ է կատարվում ձեզ հետ, դուք անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ, պարո՛ն արդարադատության նախարար, թե՞ կարող է ինձ եք մոռացել, չեք հիշում՝ ով եմ, մոռացել եք, որ ինչ ասեցիք, պատասխանը ստանալու եք։ Մեռանք՝ ձեր հերյուրանքները հերքելով, ուրիշ բան ու գործ չունե՞ք: Հազար բան եք խոստացել, արեք»,- ասաց նա։

Անդրադառնալով իրենց առաջարկած օրինագծի մերժմանը՝ Մարուքյանը այն գնահատեց որպես ավելին, քան Սերժ Սարգսյանի կոստյումը հագնելն է․ «Այս օրինագծի մերժումից հետո պարզվեց՝ Սերժ Սարգսյանի գալստուկն էլ եք կապել»։

Վերջում Մարուքյանը հայատարարեց, որ իր այս խոսքը պետք է հեռարձակվի Հանրային հեռուստաընկերության եթերով՝ որպես հակակշիռ վարչապետի այսօրվա գնահատականներին․ «Պարոն վարչապետ, հետևեք, որ այս 15 րոպեն գնա հ1-ի լուրերով, որ ձեր տեղեկատվությանը հակակշիռ լինի, հակառակ դեպքում ֆիսքում ենք, որ դուք պետական ռեսուրսն օգտագործում եք՝ մեր մասին տեղեկատվություն տարածելու, որը իրականությանը չի համապատասխանում»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ այդ ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական անձանց անվտանգությանը. «Սա լեգիտիմ շահ է, եւ կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»:

Նախագծին արձագանքել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում եւ կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»: