News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարություննն իր այսօրվա՝ մայիսի 2ի նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների  ծառայությունների գնումները:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական  եւ այդ անձանց անվտանգությանը. «Սա լեգիտիմ շահ է եւ կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,-ասաց նախարարը:

Նախագծին արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հեգնանքով նշելով. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում եւ կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»:

Վարչապետը նշեց, որ իրենք  թափանցիկության ճանապարհով գնում են, եւ եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մեջբերված հատվածը առաջարկության կոմիտեի նիստին կարդացել են, իսկ ԼՀԿ գործընկերներն էլ այս մասով կա՛մ խորքային չէին պատկերացնում խնդրի էությունը, կա՛մ միգուցե հետագայում իրենց առաջարկը կվերաձեւակերպեն: «Մեր գործընկերները համաձայնել են, որ այստեղ խնդիր կա»,- ասաց Ավինյանը:

Փաշինյանն  էլ նշեց, որ իրենք այս ոլորտում թաքուն բան չեն անում. «Մենք նույնիսկ վերջերս անվտանգության հետ կապված որոշումներ ենք կայացրել, բայց կա մի կետ, որից ավել բացել այդ որոշումները տրամաբանական չէ: Երբ ասում ենք՝ հանրության համար բացենք, դա բացվում է ոչ միայն հանրության համար, դա բացվում է բոլոր պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս»,- ասաց վարչապետը:

Զեյնալյանն էլ հավելեց, որ երկու շահերի հակակշռման պարագայում գործում է պետական անվտանգության շահը , որը եւս սպառողների շահերից է բխում: «Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այսպիսի նախագծերի ընդունումից»,- ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ