Մանվել Գրիգորյանին ԵԿՄ անդամակցությունից զրկելն իմ օրոք անհնար է, նման բան չենք քննարկել, եւ լինել չի կարող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Այն լուրերին, որ վարչության ներսում պառակտումներ են, եւ շատերը դուրս են գալիս ԵԿՄ-ից, Միքայելյանն ասաց՝ երբեք նման բան չի եղել, եւ չի լինի. «Նրանք, ովքեր դուրս էին եկել, այսօր վերահաշվառման դիմում են գրում»,- ասաց Միքայելյանը։

Սասուն Միքայելյանը համաձայն չէ, որ ԵԿՄ-ն կարող է գործող իշխանության կցորդ համարվել. «Առաջ նման բան կար, եթե հիմա էդպես լինի՝ էլ ինչի՞ եմ եկել։ Հիմա անում ենք փոփոխություններ, ինչպես տեսնում եք՝ վարչության 186 հոգուց մնացել է 25 հոգի։ Միայն Արցախյան շարժման եւ պատերազմի մասնակիցներն են մեր վարչությունում»,- ասաց Միքայելյանը։

Անդրադառնալով ԵԿՄ վարչությունում 3 փոխնախագահ ընտրելու կարգին՝ Միքայելյանն ասաց, որ ըստ կանոնադրության՝ փոխնախագահների նշանակումը իր լիազորությունների մեջ է մտնում, բայց ինքը վարչության նիստով է անցկացրել։