Հայաստանի եւ Արցախի միջեւ ծավալուն իրավա-պայմանագրային դաշտի բացակայությունը հանգեցնում է իրավունքների խախտումների: Այսպիսի կարծիք է հայտնել Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում: Համաժողովի անցկացման նախաձեռնողն է ՀՅԴ-ն:

Մելիքյանը նշել է, որ պրակտիկայում ստիպված է եղել բախվել դեպքերի, երբ իրավունքները խախտվում են ոչ միանշանակ իրավական իրավիճակի պատճառով: Այսպես՝ Մելիքյանը հայտնեց, որ ուսումնասիրել է Հայաստանի եւ Արցախի օրենսդրությունը, եւ կողմերի հիշատակման սակավաթիվ դեպքեր է գտել: Հայաստանում Արցախը հիշատակվում է բյուջեում եւ պատերազմի մասնակիցներին արտոնություններ տրամադրելուն առնչվող օրենքներում: Ստացվում է, որ մեր օրենսդրության մեջ Արցախը գրեթե բացակայում է: Արցախում Հայաստանի հետ հարաբերություններն ամրագրված են Սահմանադրության 19-րդ հոդվածով:

Մարդու իրավունքների պաշտպանության ենթատեքստում Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով սահմանվում է Հայաստանի որոշակի պատասխանատվություն ազատագրված տարածքների եւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի համար: Ձեւակերպումներն այնպիսին են, որ վերաբերում են ընդհանրապես Արցախին: «Այս վճիռը, անցանկալի լինելով, անսպասելի չէր, քանի որ դա ընդհանուր տենդենցի մաս է, որ Եվրոպական դատարանն իրականացնում է չճանաչված պետությունների վերաբերյալ եւ փորձում է ինչ-որ ճանաչված պետություն գտնել ու նրա ուսերին դնել պատասխանատվություն՝ չճանաչված պետություններում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված»,- պարզաբանել է Մելիքյանը՝ որպես օրինակ նշելով Մերձդնեստրը (պարզվել է՝ մեղավոր է Ռուսաստանը) եւ Հյուսիսային Կիպրոսը (մեղքը վերագրվել է Թուրքիային):

«Այսպիսի մոտեցումից ելնելով է ընդունվել Հայաստանի պատասխանատվության մասին որոշումը: Ես այն կարծիքին եմ, որ ինչպես այս պարագայում, այնպես էլ այլ դեպքում, կարելի է ինչ-որ դրական բան տեսնել: Սա կարելի է համարել ազդակ, որ ՀՀ-ն մարդու իրավունքների հարցերում որոշակի քայլեր կատարելու մանդատ է ստանում՝ իհարկե հարգելով Արցախի իշխանություններին»,- կարծում է Մելիքյանը:

Նա խնդրահարույց ոլորտների թվում նշել է սոցիալական ապահովությունը. այս հարցում խնդիրները հաճախ կապված են գրանցումների եւ վճարումների հետ, ֆիզարձակուրդների վճարումների հետ: «Ինչպես ասում են, փորձում ենք լուծել ձեռքի ռեժմում: Բայց խնդիրը համակարգային բնույթ ունի»,- նշեց Ռուբեն Մելիքյանը: