Այն, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է բարձրացնել իր աշխատավարձը, բավական մեծ եւ լուրջ խնդիր է։ Այս մասին խորհրդարանական ժամի ընթացքում իր ելույթի ժամանակ մայիսի 7-ին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մեզ մոտ ինչ է մայրաքաղաքում բոլոր խնդիրները լուծվա՞ծ են, որ մենք պետք է երկու անգամ բարձրացնենք քաղաքապետի աշխատավարձը։ Գյումրիում, Վանաձորում եւ հանրապետության այլ քաղաքներում, օրինակ, մանկապարտեզները անվճար են։ Մեր պետական բյուջեն կարող ենք այնպես բաշխել, որ Հայաստանի մյուս շրջաններում էլ մանկապարտեզները անվճար դառնան»,- հայտարարել է Մարուքյանը։
Ընդ որում, պատգամավորը հերթական անգամ նշել է, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում Մարությանին եւ նրա թիմին հաջողվեց հաղթել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակցության հաշվին, որը այն ժամանակ աննախադեպ ժողովրդականություն էր վայելում։ «Ձեզ չեն ընտրել որպես քաղաքային իշխանության։ Ձեզ չեն ընտրել որպես քաղաքապետի։ Այդ վարչապետն է խնդրել ժողովրդին տալ իր ձայները ձեզ։ Հետեւաբար դուք պետք է հաշվետու լինեք ժողովրդին եւ պետք է ավելի պատասխանատու պահեք ձեզ»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ ըստ էության, բոլոր այն խնդիրների համար, որ ծագել են եւ շարունակում են ծագել մայրաքաղաքում, պատասխանատվությունը կրում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա էր ուզում ընտրություններում Մարությանի հաղթանակը։











