Սա պարզ, խիստ պրիմիտիվ շահարկում է, եւ եթե իրապես նպատակը լիներ վերահսկողությունը, դուք արդեն իսկ, մեզանից առաջ, նախագիծը բերած կլինեիք օրակարգ։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով ուժային կառույցները նախարարություն դարձնելու՝ ընդդիմության պնդումներին։
«Ձեր նպատակը շահարկելն է, պարզ պոպուլիզմը, որը հասկանալի է՝ ընդդիմության կարեւոր գործիքն է, հատկապես, եթե գերխնդիրը ոչ թե հարցերի ու մարտահրավերների լուծումն է, այլ շահարկումը»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ սահմանադրության 88–րդ հոդվածի 3–րդ կետը հստակ սահմանում է, որ ԱԺ–ն հստակ վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։
«Սրանից ելնելով՝ մեզ ոչինչ չի խանգարում փոխել կանոնակարգ սահմանադրական օրենքի 35–րդ հոդվածի 3 պրիմ 1 կետը եւ «վարչապետ, կառավարության անդամներ» բառերի կողքին ավելացնել նաեւ «առընթեր մարմիններ» բառերը, կամ եթե անհրաժեշտություն լինի, այս մասով փոխել սահմանադրությունը»,– ասաց պատգամավորը։
Անդրադառնալով «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարություններին , նա ասաց, որ այստեղ ոչ մի խաբեություն չկա։
«Ինձ որեւէ մեկը չի խաբել, եւ առավել եւս մենք ոչ մեկին չենք խաբել երբեւէ։ Վերջերս մի քիչ շատ եք կրկնում «սուտ ասել» ու «խաբել» բառերը, կարծես թե մոռանում եք, որ ձեր առաջ բավական բարձր լեգիտիմություն ունեցող պատգամավորներ են, որոնց մեծ մասը երբեւէ երրորդ ճանապարհ չեն փնտրել եւ խաբեությունը որպես գործիք չեն կիրառել»,– ասաց պատգամավորը։
Նա կոչ արեց խորհրդարանական Հայաստանում նոր քաղաքական մշակույթ ձեւավորելիս հենվել քաղաքակիրթ բանավեճի սկզբունքների վրա։
«Ձեր ելույթներից հարց է առաջանում՝ ո՞րն է ձեր ելույթների քաղաքական նպատակը, ձեր դիրքորոշումների ու քաղաքական առաջարկների վերաբերյալ խորհրդարանին ու հանրությանը համոզե՞լը, թե՞ «Իմ քայլը» դաշինքի ու վարչապետին ստախոս անվանելն ու որակելը»,– ասաց պատգամավորը։
Եզրափակելով խոսքը պատգամավորրն ասաց. «Սուպերվարչապետական համակարգի դեմ կռիվ եմ տվել դեռեւս 2015թ.–ից, երբ դրա հիմքերը դրվեցին սահմանադրական փոփոխություններով, որին ընդառաջ բոլորս շատ լավ հիշում ենք, թե ով գնաց նախագահական, ում ձեռքը սեղմեց եւ հետո հայտարարեց, ուղիղ մեջբերեմ. «Ոչ–ի ճամբարը մեր տեղը չէ»։ Այսօր դրա հետևանքներն ենք կրում, եւ, այո՛, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, որը մենք անելու ենք»։











