Այս ընթացքում եղել են պահեր, երբ ես ինքս իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն, եւ անձնական որոշումներ եմ կայացրել, եւ կարծում եմ՝ քաղաքական լիդերությունը նաեւ դրանում է. երբ դու պատասխանատու պահին պետք է կայացնես որոշում՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնելով քո վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պատոնավարման մեկ տարվա առթիվ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք վարչապետը ունի «սուպեր թիմ», որը կարող է իրեն քննադատել, իր հետ հավասար որոշումներ կայացնել, եւ իր որոշումներին «չեստ չտալ»:
Լրագրողը նշեց, որ հանրությունը տեսել է մի քանի դեպք, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել նախարարի բարձրացած տեսակետը, եւ ի վերջո, հարցը լուծվել այնպես, ինչպես Փաշինյանն է ցանկացել:
«Օրինակ՝ հոկտեմբերի 2-ի ինչ անելու որոշումը ես միանձնյա կայացրել եմ, քանի որ ժամանակ էլ չկար: Եթե մենք ժողով անեինք՝ բանը բանից կանցներ: Կարծում եմ, որ այն մարդը, ով պետության ղեկավարի կարգավիճակ ունի, պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, եւ վերցնել իր վրա պատասխանատվություն»,- ասաց Փաշինյանը, եւ ավելացրեց, որ իր ներկայացրած նոր Հայաստանի մասին 100 փաստի հեղինակը հենց այդ քաղաքական թիմն է, այդ թվում՝ կառավարությունը, եւ, որ հեղափոխությունը եղել է թիմային աշխատանքի արդյունք, եւ այսօր էլ երկիրը կառավարվում է թիմային սկզբունքով.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երկու ֆորմատ կա, որտեղ ես շաբաթը երկու անգամ քննարկումների եմ մասնակցում. մեկը վարչության նիստն է, մյուսը՝ նախաձեռնող խումբն է, որտեղ մենք նստում ենք, եւ տարբեր հարցեր ենք քննարկում: Այդ քննարկումները այնպիսի հարթակ են, որ մենք ազատ հաղորդակցվենք, տարբեր հնարավոր որոշումներ քննարկենք, եւ լուծենք: Գուցե բազմաթիվ հանգամանքների բերումով, որոշակի բալանսներ դեռ չեն գործում այն կատարելությամբ՝ ինչպիսին պետք է գործեն: Իմ ասածը չեմ կարող ասել, որ 100 տոկոսով իրականություն է, բայց դա մեր գաղափարն ու նպատակն է, եւ մենք այդ ուղղությամբ ենք շարժվում, դա նույնպես փաստ է»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր քաղաքացիներ շրջափակել էին ԱԺ շենքը: ԱԺ երեք խմբակցությունները ցանկանում էին Կանոնակարգ օրենքում փոփոխություններ մտցնել, որն, ըստ Փաշինյանի, նպատակ ուներ խոչընդոտել հեղափոխությանը: Թեեւ այդ օրենքն ընդունվեց, սակայն ՀՀ նախագահն այն ուղարկեց ՍԴ եւ այն ուժի մեջ կարող էր մտնել արդեն ԱԺ ընտրություններից հետո:











