Ինձ ասել են ինչ–որ պահանջ կա, բայց ես ինչ եմ ասել, ժողովուրդ ջան։ Այդ մասին այսօր՝ մայիսի 8–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին պատրաստվում է արդոք արձագանքել «Լուսավոր Հայաստան»–ի պահանջին եւ արդոք համարում է, որ զրպարտություն է տարածել:
«Բայց ես ինչ եմ ասել, ժողովուրդ ջան։ Օրենքի նախագիծ է ներկայացվել, ասում է հրապարակեք զենք, զինամթերք... ինչ զենք, զինամթերք եք անվտանգության համար օգտագործում։ Ես էլ ընդամենը գրոտեսկ եմ արել, ասել եմ, որ մնում է ասենք, թե ով է ա մենալավը կրակում, ով է ամենավատը կրակում եւ ոնց է ամենահարմար ահաբեկչական ակտ իրականացնել կառավարության դեմ։ Ի՞նչը հերքեմ»,– ասաց Փաշինյանը։
Նա նաեւ նշեց, որ իրեն տեղեկացրել են «Լուսավոր Հայաստան»–ի պահանջի մասին. «Ինձ ասել են ինչ–որ պահանջ կա»։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետից պահանջում է հերքել կառավարության նախորդ նիստում հնչեցրած զրպարտչական բնույթի տեղեկությունները: Նման պահանջով դիմումը, ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ուղարկվել է վարչապետին:
Հիշեցնենք, որ կառավարությունը մերժել էր «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, արարողակարգային ծախսերի, կեցության համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
Վարչապետը, ինչպես նաեւ արդարադատության նախարարը հայտարարել էին, որ նման տեղեկատվությունը հասանելի դարձնելը նույնն է, թե ասել ինչպես կարելի է պաշտոնյաների նկատմամբ ավելի հարմար կերպով ահաբեկչություն իրականացնել:
Ավելի ուշ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ վարչապետն ու արդարադատության նախարարը կեղծ լուրեր են տարածում, եւ որ իրենք ահաբեկչության հետ կապ չունեն:











