Մենք բացառում ենք հին Հայաստանի գործիչների հետ որեւէ առնչությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կմիանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ձեւավորվող ընդդիմությանը:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կմիանա այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ, Մարուքյանը հեգնանքով արձագանքեց. «Երեկվանից սարսափած եմ, ողջ գիշեր չեմ քնել, չգիտեմ՝ ոնց ենք անելու»:

Հարցին, թե ինչու է սարսափում, քանի որ Քոչարյանը ցանկանում է մարտահրավեր նետել իշխանությանը, Մարուքյանն ասաց. «Դե քանի որ անդադար պնդում են, որ Հայաստանում ընդդիմություն չկա, դրա համար շեշտեցի, որ ՀՀ-ում քաղաքական առողջացման պրոցեսների արդյունքում ձեւավորված է իշխանություն, ձեւավորված են ընդդիմադիր ուժեր՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական: Եթե կարողանանք նոր մշակույթով շարժվել առաջ, քաղաքական համակարգը կառողջացնենք: Եթե վերադառնանք ատելության քարոզին, լուրջ խնդիրներ կունենանք:

Այսօր կա իշխանություն, կա ընդդիմություն, բավականին սուր հակադրություններ կան, իսկ թե ինչ կոնտեքստում են պայքարը պատկերացնում, գիտեք, Հայաստանում քաղաքական ուժեր կան, որոնք տարբեր տեսլականներ ունեն, դա իրենց գործն է: Ես կարող եմ ասել, որ «Լուսավոր Հայաստանը», իր հետեւորդները երբեք չեն պայքարում իրենց չնստելու համար: Բայց Հայաստանում վերջին շրջանում բավականին մարդիկ քաղաքականության մեջ են զուտ մի հանգամանքի բերումով, որ չնստեն: Դրանք տարբեր մոտեցումներ են: Ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, բայց նոր Հայաստանում, կարծում եմ՝ այն գործիչները, որոնք շանս են ունեցել իրապես այնպես անելու, որ մարդիկ իրենց հիշեն լավ ձեւերով, այդ շանսը որքանով կարողացել, իրագործել են: Թող զբաղվեն քաղաքականությամբ, միանան իրար, համախմբվեն, ճակատ ստեղծեն»:

Նա ընդգծեց, որ բացառում է հին Հայաստանի գործիչների հետ որեւէ առնչությունը. «Ոչ ունեցել ենք, ոչ էլ ապագայում ունենալու ենք: Մենք 21-րդ դարում կրթություն ստացած մարդիկ ենք եւ չենք հասկանում, թե ինչ են խոսում այդ մարդիկ ու ինչ են ուզում: Կան մարդիկ, որ պայքարում են չնստելու համար, դա է իրենց քաղաքականությամբ զբաղվելու միտումը: Մեր միտումը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելն է: Եթե մարդիկ ունեցել են այդ շանսը եւ մսխել են, հիմա ի՞նչ են ուզում անել, ի՞նչ բեւեռ»: