Կարևոր է բոլորի մասնակցությունը խմբակցության նիստերին, բայց դա որպես նկատողություն ձևակերպելը ճիշտ չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, խոսելով այն լուրերի մասին, թե ինքը նկատողություն է արել խմբակցության անդամներին նիստերից բացակայելու համար: Նա նշեց, որ ասվել է միայն՝ կարևոր է բոլորի մասնակցությունը խմբակցության նիստերին:
«Խմբակցության ներքին աշխատանքների հետ կապված մենք պարբերաբար աշխատանքներ ենք առանձին տանում, տարբեր զրույցներ ու քննարկումներ ենք ունենում, որը նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել:
Ես խնդիր չեմ տեսնում խմբակցությունում ներքին աշխատանքների կազմակերպման առումով, որևէ խնդիր գոյություն չունի: Կա ամեն օր էլ ավելի արդյունավետ աշխատելու հարց, որին էլ բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Մակունցը, և նշեց, որ խմբակցության անդամների աշխատանքը գոհացնելու առումով չի ցանկանում գնահատականներ հնչեցնել:
«Եթե համեմատություն անցկացնենք Մշտական հանձնաժողովների աշխատանքները, նախկինում քննարկումները տևել են 20 րոպե, իսկ այսօր տևում են 3-4 ժամ: Այսինքն՝ յուրաքանչյուր նախագիծ մանրակրկիտ ուսումնասիրվում է, քննության է ենթարկվում, և նոր որոշում կայացվում: Եվ սա խոսում է արդյունավետ աշխատանքի մասին»,- ասաց Լիլիթ Մակունցը:











