Հայ ժողովուրդը հսկայական ավանդ է ներդրել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում։ Այս մասին լրագրողներին ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը Հաղթանակի զբոսայգում։

«Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Մեծ հաղթանակի եւ եռատոնի առիթով։ Հայ ժողովուրդը հսկայական ավանդ է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում։ Ես հպարտ եմ, որ հայ ժողովրդի ներկայացուցիչն եմ։ Հետագա հաղթանակներն Արցախյան պատերազմում ապացուցեցին, որ հայ ժողովուրդը անհաղթ է»,- ասաց Հայկ Մարությանը։

Լրագրողների հարցերին, սակայն, քաղաքապետը հրաժարվեց պատասխանել։ Պատճառներն ակնհայտ են՝ օրերս հասարակությունը թեթեւակի զարմացավ քաղաքապետ Մարությանի նախաձեռնությունից տրանսպորտային, աղբահանության եւ այլ հարցերում «անվիճելի ձեռքբերումների» հետ կապված՝ բարձրացնել սեփական աշխատավարձը մինչեւ 1 մլն 200 հազար դրամ՝ դրանով իսկ այն հավասարեցնելով վարչապետի աշխատավարձին։ Քաղաքապետը չցանկացավ պատասխանել հասարակությանը հուզող հարցերին՝ խոստանալով շուտով «նիստ» անել եւ այնտեղ պատասխանել։ Մարությանը իր նախորդների վատ ավանդույթներին հետեւելով՝ շարունակեց քայլել, լրագրողները՝ տեսախցիկներով եւ շտատիվներով, նույնպես քայլում էին՝ փորձելով քաղաքապետից կորզել ինչ-որ մեկնաբանություն։