Այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամների եւ պատգամավորների մեծ կազմով, այցելել է Սեւան՝ հանդիպելու «Սեւան Ստարտափ Սամմիթ-2019»–ի մասնակիցների հետ։ Այնտեղ էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլից» մի խումբ պատգամավորներ՝ Լիլիթ Մակունցի հետ։ Նորարարների հավաքին մասնակցում է 120 ստարտափ Հայաստանից և աշխարհի 45 երկրից։ Նրանք 7 օր ներկայացնելու են իրենց նոր գաղափարները, մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է, նույնքան էլ ներդրումային ֆոնդն է։ Մասնակիցների հետ հանդիպմանը Փաշինյանը փողից ավելի կարևոր համարեց գաղափարը, համոզիչ լինելու դեպքում, ասաց, փող կգտնվի, նոր Հայաստանն էլ հայտարարեց մի մեծ, հաջողված ստարտափ։
Արցախում հնարավոր են ներքաղաքական սրացումներ եւ նույնիսկ իշխանափոխության փորձ փողոցից։ Սամվել Բաբայանը խոստացել է օգոստոսի կեսերին հանրահավաքային շարժում սկսել եւ Բակո Սահակյանին պարտադրել հրաժարական։ Նա հայտարարել է, թե 1 ժամում 10 հազար մարդ է հավաքելու եւ 1000 ոստիկանով չեն կարողանա իշխանություն պահել։ Սրան հետեւեց Արցախի նախագահի զգուշացումը, թե անօրինականության ճանապարհն ընտրածներին կարգի կհրավիրեն։ Այսօր, շատ ավելի խիստ արձագանքեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում ինքը եւ իր համախոհները կդիմեն կոշտ միջոցների՝ հանուն երկրի կայունության։
Այս զարգացումներին ֆոնին Հայաստանի վարչապետը «լայվով» արցախցիներին հրավիրեց Ստեփանակերտի գլխավոր հրապարակ, որտեղ, ասաց, կարեւոր խոսակցություն է ունենալու նրանց հետ։ Մի քանի օրից՝ օգոստոսի 5-ին, այնտեղ համահայկական խաղերի բացման արարողությունն է, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, լավ առիթ է ընդլայնելու օրվա օրակարգը եւ խոսելու համազգային մարտահրավերների մասին։
Երեւանում աղբի սկանդալը նոր թափ է առնում։ Քաղաքապետարանը եւ մասնավորապես քաղաքապետ Մարությանը «Սանիթեքի» վատ աշխատանքով են բացատրում Երեւանի փնթի վիճակը և որ աղբը մայրաքաղաքում դարձավ անվերահսկելի։ Այսօր, խոսեց նաեւ «Սանիթեքի» տնօրինությունը։ Նրանք հայտարարեցին, թե եղած ռեսուրսով իրենք արել են առավելագույնը, եւ մեղավորը, որ նոր ներդրումներ չեղան, եւ աղբը մնաց փողոցներում, քաղաքապետարանն է։ Մարությանի հետ իրենք փորձել են բանակցել, կարճ նամակագրությունից հետո քաղաքապետարանը միակողմանի ընդհատել է բանակցությունները։
«Սանիթեքի» ղեկավարությունը իշխանություններին մեղադրեց նաեւ անհիմն քրեական գործերով ընկերությանը սեփականազրկելու մտադրության համար։
Այսօր պայթյուն է որոտացել Երեւան-Սեւան մայրուղու կամրջի վրա, վնասվել է երկու մեքենա՝ Range Rover և Nissan մակինիշի։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Ըստ մամուլի՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին, որ հայտնի է «Շշի Մելո» մականվամբ։ Պայթյունից վնասվել է նաեւ կամրջի երթեւեկելի հատվածը, առաջացել է խցանում, աջակողմյան երթեևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Պայթյունի հանգամանքները կամ դրա վերաբերյալ վարկածներ դեռեւս չեն հրապարակվում, բայց հաշվի առնելով, որ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի կասկածանքով, կարելի է ենթադրել, որ տեղի ունեցածը մահափորձ էր եւ թիրախում եղել է «Շշի Մելոն»։
Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը մահացել է 29–ամյա ծննդկան՝ Քնարիկ Մանուկյանը։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նաեւ նորածնի կյանքը: Կինը երրորդ երեխային էր սպասում։ Հարազատները երկու մահերի համար էլ մեղադրում են բժիշկներին։ NEWS.am-ին նրանք պատմել են, որ բժիշկները կեսարյան հատումով չեն հեռացրել արդեն երեք ժամ մահացած երեխային եւ նրանց խորհրդով մայրը ինքնուրույն է ծննդաբերել, որից հետո սկսվել է արյունահոսություն։ Գիշերվա 1-ից մինչեւ 3-ը պարբերաբար արյուն են ներարկել, Երեւանից բժիշկներ են եկել, բայց կնոջը փրկել չի հաջողվել, առավոտյան 5-ին նա մահացել է։ Հարուցվել է քրեական գործ մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան։
ԱԱԾ երկու աշխատակից Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի բաժանմունքի պետը և օպերլիազորը Հնդկաստանի քաղաքացուց փողեր են շորթել՝ սպառնալով, թե Հայաստանից կարտաքսեն։ Նրանից վերցրել են նախ 20․300 դոլար եւ 300 հազար դրամ կաշառք, այնուհետեւ իրենց ծանոթի միջոցով պահանջել են եւս 3700 դոլար։ ԱԱԾ աշխատակիցները եւ նրանց հանցակիցը ձերբակալվել են, հարուցվել է քրեական գործ։
Այսօր ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին վերջին հրաժեշտը տվեցին։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում արտիստին հրաժեշտ տալու էին եկել բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ժողովրդական արտիստի հուղարկավորությունը կլինի Երևանի քաղաքային պանթեոնում:
Դոլարն այսօր աննշան էժանացել է, փոխարժեքը կազմել է 475 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Եվրոն 528 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 577, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 33 դրամ:
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Երեւանում շաբաթ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ կիրակի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34:











