Յուրաքանչյուր զինծառայողի հետ կապված դեպք մեզ համար ցավալի է, բայց եթե հասարակության մեջ ինքնասպանություն չլիներ, չէր լինի նաեւ բանակում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով բանակում իրար հաջորդած երկու ինքնասպանության դեպքերի մասին։
Դիտարկմանը, որ հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին, նա արձագանքեց. «Բոլոր պատասխանները կտա իրականացվող հետաքննությունը եւ դատարանի որոշումը։ Հարազատների ընդունելը կամ չընդունել չեմ կարող մեկնաբանել, դա անձնական գործ է, եւ քրեական գործի շրջանակներում կպարզվի։ Երկու ինքնասպանությունը ցավոք սրտի ժամանակային առումով համընկան։ Յուրաքանչյուր զինծառայողի հետ կապված դեպք մեզ համար ցավալի է, բայց դեպքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ եթե հասարակության մեջ չլիներ ինքնասպանություն, չէր լինի նաեւ բանակում»։
Հարցին, թե արդյոք հրամանատարների կողմից աշխատանք տարվում է այդ երեւույթները կրճատելու ուղղությամբ, Դավթյանը պատասխանեց. «Եթե հրամանատարները չաշխատեն, ինքնասպանության դեպքերը կլինեն ոչ թե 2, այլ 12։ Իհարկե աշխատում են, այս տարի 2 կամ 3 անվանական դեպք է եղել, երբ կանխվել է ինքնասպանության փորձը։ Չի կարելի ասել, թե չենք աշխատում, չենք մտածում կամ ինքնահոսի արդյունք է»։
ԳՇ պետը, սակայն, շեշտում է՝ եթե մեղավորներ կան, պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Կոնկրետ քրեական գործի արդյունքներով կծանոթանանք հիմքերին, պատճառներին, եթե մեղավորներ կան, մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան, եթե ինքնասպանության են հասցրել, իհարկե հասցնողը օրենքով նախատեսված դրույթով պատասխան պետք է տա, եթե հրամանատարն է մեղավոր, պետք է հրամանատարը պատասխան տա»։
Դիտարկմանը, որ վերջերս զինծառայողը արձակուրդից հետո չէր ցանկանում վերադառնալ բանակ, Դավթյանն արձագանքեց. «Միշտ էլ եղել են զինծառայողներ, որոնք չեն ուզում անցնել ծառայության կամ վերադառնալ ծառայության։ Յուրաքանչյուր դեպքով իրավապահները իրականցնում են քննություն»։
Նա նշեց, որ բանակում առկա արատավոր երեւույթների վերացման ուղղությամբ համալիր աշխատանք է իրականացվում, ապա հավելեց, որ այս տարի վիճակագրությունը ցույց է տալիս, որ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների թվի մի քանի անգամ կրճատում է նկատվում։
ԳՇ պետը սակայն հայտնեց, որ պայմանագրային զինծառայողների հետ կապված որոշակի չափով խնդիրներ կան, որոնք «հիմք են տալիս մեծացնելու աշխատանքի ծավալը պայմանագրային զինծառայողների հետ»։ Նրա խոսքով՝ կան պայմանագրային զինծառայողներ, որոնք ապրում են սոցիալական վատ պայմաններում, ունեն ընտանեկան խնդիրներ, որոնք արտացոլվում են նաեւ զինծառայության մեջ։
«Ավտոճանապարհային վթարների հետեւանքով վիրավորվելու կամ կորուստների դեպքերն են շատացել, մարդիկ ավելի շատ հնարավորություն ունեն ձեռք բերելու մեքենաներ, որը բերել է դեպքերի ավելացմանը»,- հավելեց նա։
Հարցին՝ տեխնիկական ի՞նչ միջոցոներով են հագեցվում սահմանը, արդյոք դրանք բավարար են սահմանային հսկողության համար, նա պատասխանեց, որ այդ միջոցները մշտապես կատարելագործվում են. «Նախկին տեսախցիկներից հրաժարվեցինք, քանի որ կան ավելի լավ տեսախցիկներ՝ ավելի լավ պայմաններով, մեր պահանջները մշտապես փոխվում են, բացի օպտիկաէլեկտրոնային սարքավորումներից հիմա զարգացնում ենք ռադիոլոկացիոն ցանցը, ցամաքային նշանակակետերի եւ նշանակման հարցերում։ Գործընթացը մշտապես զարգացման մեջ է, բացի այդ ժամկետային զինծառայողներին, որոնք ունեն կրթություն եւ կարողություններ բարդ տեխնիկայով աշխատելու, մենք ընդգրկում ենք տվյալ միջոցների շահագործման եւ սպասարկման մեջ, որը բացի միջոցների տնտեսումից, բերում է նաեւ արդյունավետության»։
Նոր սպառազինությունների վերաբերյալ ԳՇ պետն ասաց. «Եվ այս տարի, և երկրորդ տարվա ընթացքում արդեն պայմանագրերի հիմնան վրա սկսվել է և շարունակվելու է բավականին շատ ռազմական տեխնիկայի ներկրում։ Ընդ որում՝ ռազմական տեխնիկան վերաբերում է հակաօդային, հակահրթիռային պաշտպանությանը, հեռահար խոցման, ճշգրիտ խոցման միջոցներին, ինչպես նաև ավելացվում են հետախուզության կրակային հզորությունները մեր ԶՈՒ–ում»։











