Սահմանադրական դատարանը այսօր քննեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության վերաբերյալ։ Առավոտյան 11-ից դատարանը խորհրդակցական սենյակում էր։ Իսկ դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա էին անում՝ պահանջելով ազատ արձակել երկրոդ նախագահին, մյուս թեւում հակառակ պահանջներով ակցիա էր անում մի քանի հոգի։ Այս հարեւանությունը խաղաղ չանցավ։ Մի կին հարվածեց մեկ այլ կնոջ՝ Քոչարյանի աջակցի, նրան բերման ենթարկեցին, մյուսին հրավիրեցին բաժին։

Սահմանադրական դատարանի որոշմանն էր սպասում նաեւ երկրոդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում՝ հայտարարեց նա լրագրողների հետ զրույցում։

Իսկ դահլիճում դատավորների աթոռները այդպես էլ թափուր մնացին, խորհրդակցական սենյակում մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո հայտարարվեց, որ ՍԴ որոշումը կրապարկվի վաղը՝ սեպտեմբերի 4-ին։

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Ես շնորհակալ եմ Հայաստանին ինձ՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով հալածվող քաղաքական գործչիս փախստականի կարգավիճակ տալու համար»: Ըստ Շիշկինի հրապարակած լուսանկար-փաստաթղթի՝ քաղաքական ապաստան նրան տրամադրվել է 2019թ. փետրվարին: Փաստաթղթում նշված է, որ նա մշտական բնակություն է հաստատել Գյումրիում: 2015-ից մինչեւ 2019-ի հունվարի 10-ը Շիշկինը եղել է կալանքի տակ՝ «Զանգվածային անկարգությունների կոչերի», «Ատելություն և թշնամանք սերմանելու» հոդվածներով: Նա մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում: Հայաստանի միգրացիոն ծառայությունն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը: Սա հնարավոր է լինի Հայաստանի իշխանությունների պատասխան քայլը Ռուսաստանին, որը հրաժարվել էր արտահանձնել ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին:

Ռուս ընդդիմադիր գործչին ընդունելու այս որոշմանը մտահոգությամբ արձագանքեցին մի շարք գործիչներ։ Քաղաքագետ Կարեն Բեքարյանը սա համարեց շոու, որ կարող է պետությանն անդառնալի կորուստների առաջ կանգնեցնել․ «Բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ դերակատարում ունեն այս գործընթացներում, հասկանու՞մ են, որ պատասխանատվություն են կրում այս անորակ, արժեք ու կարմիր գծեր չճանաչող շոուի համար»,- հայտարարել է նա:

Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրված ասուլիսը տապալվեց: Սկզբում նախարարը ներկայացրեց նախարարության աշխատանքները եւ երբ հերթը հասավ հարցերին, նրա նախկին խորհրդականը, բժիշկ Գևորգ Թամամյանը լրագրողներից առաջ ընկավ։ Նախարարն էլ բոյկոտեց իր իսկ ասուլիսը ու հեռացավ։

Նախարարի տեղում նստեց Թամամյանը։ Սկանդալը խորացավ ուշագրավ բացահայտումներով։ Մի կոնգրեսի, օրինակ, աթեիստ նախարարը չի մասնակցել, որպեսզի նույն սրահում չլինի հոգեւորականների հետ։

Նախկին խորհրդականը նախարարին մեղադրեց նաեւ անվճար բժշկության, աշխատավարձերի բարձրացման պոպուլիստական, կեղծ թվերի համար։ Նման առողջապահության նախարար, որն ատում է բոլոր կայացած բժիշկներին, Հայաստանին պետք չէ՝ հայտարարեց Թամամյանը։

Երեւանում 28-ամյա կին է սպանվել իր վարձակալած բնակարանում։ Ոստիկանությունը ահազանգը ստացել է սեպտեմբերի 2-ին եւ Բրյուսովի փողոցի 23-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի՝ բռնության հետքերով ու վնասվածքներով՝ պարանոցին ու մարմնի տարբեր մասերին։ Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը՝ Նազելի Հովհաննիսյան՝ ծնված 1991 թվականին։ Սպանողի ինքությունը եւս շուտով պարզվել է՝ 35-ամյա տղամարդ՝ Վրաստանի քղաքացի։ Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 50-ի սահմաններում, Վանաձորի մի հյուրանոցից նրան ոստիկանները բերման ենթարկել։ Նա տվել է խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել է։

Ալավերդցիները այսօր միջպետական ճանապարհ են փակել, նրանց դժգոհության պատճառը քաղաքի ճանապարհների խոր փոսերն են։ Իշխանությունը խոստացել էր մինչեւ սեպտեմբեր ասֆալտապատել դրանք, բայց գործը ուշանում է, ինչ էլ որ անում են, ցուցարաների խոսքով, շատ դանդաղ է ընթանում, եւ վերջը չի երեւոմ։ Ոստիկանության միջամտությամբ նրանք բացել են ճանապարհը, բայց պայմանով, որ եթե հարցին լուծում չտրվի, կրկին ցույց են անելու միջպետական ճանապարհի վրա։

Դոլարի փոխարժեքն այսօր փոքր-ինչ աճել է՝ կազմելով 476 դրամ։

Եվրոն 521 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 570, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 12 դրամ։

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +27+29: