Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Երեւանում անցկացված նիստը բնութագրել է որպես իր բնույթով աննախադեպ միջոցառում։

Նիստից հետո տված ճեպազրույցում Փաշինյանը նշել է, որ առաջինը՝ նիստի շրջանակներում առաջին անգամ կայացել է միջազգային համաժողով։ Դա նորամուծություն է կազմակերպության համար, եւ տարբեր թեմաներով ու պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող նման միջոցառումները, ԵՏԲՀ որոշմամբ, կանցկացվեն նախագահող երկրի կողմից։ Երեւանում համաժողովը նվիրված էր Եվրասիական մայրցամաքի տրանզիտային պոտենցիալին։

Երկրորդ՝ նիստին եղել են հատուկ հյուրեր՝ Իրանի եւ Մոլդովայի նախագահները եւ Սիգապուրի վարչապետը։ Երրորդ՝ հանդիպումը նշանավորվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք նոր հորիզոններ են բացում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ամենազարգացած տնտեսություններից մեկի՝ Սինգապուրի հետ առեւտրատնտեսական համագործակցության համար։ Փաշինյանի խոսքերով, դա Միության ամրապնդման եւ համագործակցության աշխարհագրության ընդլայնման եւս մի կարեւոր փուլ է։ Սրա հետ կապված՝ նա տեղեկացրել է ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ շրջանակային համաձայնագրի կնքման մասին։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Իրանի նախագահը հրավիրված է կապված այն բանի հետ, որ մի քանի օրից ուժի մեջ կմտնի ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գորու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը։ «Հայաստանը շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ եւ ԵՏՄ-ի ու մեր հարեւան, բարեկամական Իրանի միջեւ համագործակցության զարգացմամբ»,- ասել է վարչապետը։

Խոսելով նիստի օրակարգի մասին՝ Փաշինյանը նշել է, որ քննարկվել է անդամ-պետությունների բյուջեների միջեւ ներկրման մաքսային տուրքերի բաշխման նորմատիվների վերջնական որոշման գալու հարցը։ Հաստատվել է 2018թ․ բյուջեի կատարման հաշվետվությունը եւ ԵՏՄ 2020թ․ բյուջեն։ Քննարկվել է ԵՏՄ-ի, ԿԲ-ի եւ ֆինանսների նախարարության համատեղ մշակած  ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորումը, որի ստեղծումը կնպաստի ընկերությունների եւ քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը, ֆինանսական ոլորտի արդյունավետությանը։

Հերթական անգամ քննարկվել են փոխադրման  եւ բնական գազի մատակարարումների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հետ կապված հարցեր։ «Մեծ կարեւորություն ենք տալիս ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը, որը կնպաստի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, տնտեսական ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը եւ ԵՏՄ պետությունների մրցունակությանը համաշխարհային շուկայում»,- հայտարարել է Փաշինյանը։