ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի այս տարվա սկզբից չորրորդ արձակումը՝ դրա համակարգերի հուսալիությունը ստուգելու նպատակով: Արձակումը կատարվել է Կալիֆոռնիայում Վանդենբերգ ավիաբազայի հորանից:
Այսպիսի տեղեկություն է տարածել ԱՄՆ ՌՕՈՒ Գլոբալ հարվածի հրամանատարության մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ այդ արձակումները «պատասխան արձագանք չեն աշխարհում որեւիցե իրադարձությանը կամ տարածաշրջաններում ճգնաժամային իրավիճակներին»:
Հաղորդվում է, որ հրթիռը հաղթահարել է մոտ 6,75 հազար կմ՝ թիրախը խոցելով Խաղաղ օվկիանոսում Կվաջալեյն աթոլի շրջանում (Մարշալյան կղզիներ): Պենտագոնն ամեն տարի անցկացնում է նման մինչեւ 4 արձակում՝ ունեցած հրթիռների պատրաստվածությունը ստուգելու համար:
ԱՄՆ փորձագետների տվյալներով՝ ՌՕՈՒ-ն հիմա ունի 400 Minuteman III, որոնց վրա տեղակայված է մեկական միջուկային լիցք՝ 300 կամ 335 կիլոտոննա հզորությամբ: Դրանք մարտական հերթապահություն են իրականացնում Մոնտանա, Հյուսիսային Դակոտա եւ Վայոմինգ նահանգների բազաներում: Պահուստում կա եւս 50 հորան, որոնցում անհապաղ կերպով կարող են տեղակայվել բալիստիկ հրթիռներ, եթե դա պահանջվի:











