Չինաստանի եւ Սերբիայի հետ համաձայնագրերը վկայում են Եվրասիական տնտեսական միության միջազգային նշանակության բարձրացման մասին: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ շնորհավորել բոլորիս ազատ առեւտրի մասին հաջորդ համաձայնագրի կապակցությամբ: Հաճույքով կցանկանայի նշել, որ այսօր այն կստորագրվի մեր բարեկամ Սերբիայի հետ: Հայաստանը մտադիր է ամբողջովին օգտվել բոլոր մեխանիզմներից, որոնք մեզ տալիս է այս պայմանագիրը:
Միության միջազգային գործունեության նպատակների եւ խնդիրների իրականացման համատեքստում եւս մեկ կարեւոր իրադարձություն է Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ առեւտրի եւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Չնայած այն բանին, որ համաձայնագիրը չի նախատեսում տուրքերի վերացում կամ ոչ սակագնային խոչընդոտների ավտոմատ իջեցում, այլ կրում է ոչ արտոնյալ բնույթ, այն առեւտրի ընթացակարգերի, թափանցիկության եւ առեւտրային համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության մակարդակի բարձրացման միջոցով կբարելավի ԵԱՏՄ երկրներից ՉԺՀ շուկա ապրանքների մուտքի պայմանները:
Եզրափակելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ այսօրվա նիստը Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, որին ես մասնակցում եմ որպես նախագահող: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին համագործակցության եւ աջակցության համար: Օգտվելով այս հնարավորությունից՝ նաեւ ցանկանում եմ Բելառուսի վարչապետ Սերգեյ Նիկոլայի Ռումասին մաղթել հաջող նախագահություն Միջկառավարական խորհրդում»,– ասել է վարչապետը։
Նիստի ընթացքում քննարկվել են ալկոհոլային արտադրանքի առեւտրի ոլորտում ազգային կարգավորումներին, տարբեր, այդ թվում` թանկարժեք մետաղների, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում անդամ-պետությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործող կազմի գործունեության ժամկետի ավարտի կապակցությամբ, որը լրանալու է 2020 թվականի փետրվարի 1-ին, զեկույց է ներկայացվել ԵՏՀ-ի գործունեության հիմնական արդյունքների մասին:
Նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամ-պետությունների վարչապետները մի կողմից եւ Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրել են ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիր:
ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի` հոկտեմբերի 2019 թվականի հոկտեմբերի 25-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ ընդունվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների եւ ՉԺՀ-ի համատեղ հայտարարություն:











