Նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նախագծին, որով պետք է արգելվեր նույնասեռականներին երեխա որդեգրել:

«Ինչպես մեր գործընկերները ներկայացրին, ամեն անգամ նման հարցեր շոշափելով, բարձրացնելով, այն ավելի մեծ նշանակություն ու կարեւորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Ըստ նրա` Գեւորգ Պետրոսյանը նախագիծ է բերել ԱԺ, որով ցանկանում է արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը, սակայն Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ միասեռականները երեխա որդեգրեն: «Այսինքն՝ նա նախագիծ է բերել ԱԺ գոյություն չունեցող խնդրի մասին եւ անընդհատ շահարկում է»,-ընդգծեց հայկ Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ վեճ եղավ ԱԺ-ում Գեւորգ Պետրոսյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ:

«Ի՞նչ եք խոսում, պարո´ն Պետրոսյան, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Արարատ Միրզոյանն ու Գեւորգ Պետրոսյանը վիճեցին