Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քննադատում է այն, ինչ ստեղծել է իր վրայով։ Այս մասին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։

Պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանը խոսել է նյութի մասին, որը վերաբերում է հենց իրեն։ «Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմները խեղաթյուրված են, խորհրդարանական կառավարման ողջ տրամաբանությունը աղավաղված է, եւ հենց նախկին իշխանություններն են Սահմանադրության նոր խմբագրության հեղինակը»,- ասել է խմբակցության ղեկավարը։

Մարուքյանի գնահատմամբ՝ ներկա կառավարությունը ժառանգել է սուպերվարչապետության համակարգը, որը Սերժ Սարգսյանը ստեղծել է իր վրայով, բայց հայտնի հանգամանքների պատճառով չկարողացավ վայելել իր ջանքերի պտուղները եւ հիմա քննադատում է այն, ինչ ստեղծել է մի ժամանակ ինքը։ Այս ամենով հանդերձ՝ «ԼՀ» ղեկավարը չկարողացավ ձեռնպահ մնալ նաեւ քննադատությունից՝ ուղղված գործող իշխանությունների հասցեին այն բանի համար, որ իրենցից առաջ ստեղծված համակարգը մինչեւ օրս չի վերանայվել։ «Հույս ունեմ, որ 2020 թվականի ստեղծվելիք կառուցողական բարեփոխումների հանձնաժողովը կվերանայի այդ համակարգը»,- ամփոփել է Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում հայտարարել էր, որ իշխանության եկած մարդիկ անցած մեկուկես տարում հեղափոխական ոչ մի փոփոխություն երկրի ներքին եւ արտաքին օրակարգում այդպես էլ չեն կատարել։