Ենթադրում ենք, որ խմբագրություն ներխուժելը, գուցե կապված է «Մարտի 1»–ի գործի հետ կապված երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքը հրապարակելուն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան խմբագրություն ներխուժման դեպքին։
«Մեր խմբագրությունը գտնվում է երկրորդ հարկում։ Խոհանոցի դուրռը եւ խմբագրի աշխատասենյակի պատուհանն են բացել եւ մուտք գործել։ Ժողովուրդ օրաթերթը աշխատանքն ավարտվում է ժամը 00։30–01։00–ն։ Մեր աշխատակիցները երեւի դուրս են եկել դրանից հետո երեւի ինչ որ անձ կամ անձինք մուտք են գործել խմբագրություն։
Նրա խոսքով՝առավոտյան իրենց աշխատակիցներից մեկն է նկատել, որ ինչ որ բան է կատարվել խմբագրությունում. «Դա նկատել ենք առավոտյան, երբ մեր աշխատակիցը ժամը 10։00 եկել է խմբագրություն, դուռը բացել է, այսինքն ոչ մի բան կոտրված չի եղել, տեսել է, որ ամեն ինչ թափթփված է։ Մեր համակարգիչներն ու տեխնիկան տեղում են եւ հիմա փորձում ենք հասկանալ գողություն է, թե՞ ինչ որ բան են փնտրել, չեն կարողացել գտնել կամ գուցե գտել են»։
Լրագրողը ենթադրում է, որ խմբագրություն ներխուժելը, գուցե կապված է «Մարտի 1»–ի գործի հետ կապված երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքը հրապարակելուն։
«Ենթադրում ենք, որ գուցե սա կապված լինի «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյնաի ՀՔԾ–ում հարցաքննության հետ։ Օրեր առաջ Քնար Մանուկյանը հարցաքննվել է «Մարտի 1»–ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը հրապարակելու հետ կապված։ Ենթադրում ենք, որ դա գուցե կապ ունի դրա հետ եւ ինչ որ աղբյուրի բացահայտում են պահանջում ՀՔԾ–ում եւ գուցե ինչ որ փաստաթղթեր են փնտրել մեզ մոտ, հասկանալու համար, թե որտեղից մեզ մոտ այդ տեղեկատվությունը»,– ասաց օրաթերթի լրագրողը։
Նրա խոսքով՝ խմբագրության շենքի մուտքի հատվածում տեսախցիկ է եղել տեղադրված, բայց նկատել են, որ այն եւս չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: Նրա խոսքով, ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. «Կոչ եմ անում իրավապահներին շուտափույթ պարզել` ինչ է տեղի ունեցել, ովքեր են ներխուժել խմբագրություն»,-ասել է Զոհրաբյանը:











