Ինձ բերման ենթարկելու օրինականությունը մենք վիճարկելու ենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։

«Խնդիրն այն է, որ Ուսանողական խորհրդի հետ կապված ինչ-որ անձ երկրորդական կամ երրորդական կարևորության առնչություն է ունեցել միջադեպին։ Ես էլ ներկայացնում եմ, որ օրական ՈՒԽ տարբեր մարդիկ են մտնում, դուրս գալիս, բոլորից հո՞ չես կարող ինֆորմացիա ունենալ, նախ չունես։ Ներկայացրեցի, որ չեմ ճանաչում, որոշ ժամանակ անց իրավապահ համակարգի ներկայացուցիչներից մեկը դուրս եկավ, ներս մտավ, ու ասացին, որ ձեզ պետք է բերման ենթարկենք, դա ինձ համար տարօրինակ էր, ես հարցրեցի իրենց, թե ինչ հիմքով են ինձ բերման ենթարկում, խնդրում եմ  որևէ որոշման օրինակ ցույց տվեք, որևէ բան ցույց չտվեցին։ Զանգահարեցի փաստաբանին, ասաց որևէ խնդիր չկա, ժամը 2-ին կգնանք, կներկայանանք, իրենց ներկայացրեցի, որ պատրաստ ենք ժամը 2-ին ներկայանալ, բայց ինձ բերման ենթարկեցին նման ձևով»,-նշեց նա։

Ափոյանը շեշտում է՝ իրեն նման ձևով բերման ենթարկելը շատ վիրավորական էր․  «Ուսանողական խորհրդի նախագահին չպետք է այդպես բերման ենթարկեին, դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես, այն պարագայում, երբ ես ասում եմ՝ կգամ։ Ծիծաղելի է ուղղակի, կանչում են, որովհետև ուսխորհրդի նախագա՞հ եմ, այսինքն՝ եթե ոլորտի հետ կապ ունեմ, ուրեմն որպես վկա պե՞տք է գնամ»։

Ափոյանը նաև ասաց, որ սկզբից որպես կասկածյալ են իրեն բերման ենթարկել, հետո հարցաքննվել է որպես վկա։